Իրանը չի համաձայնել բանակցություններ վարել  «վեցյակի» հետ Եվրամիության երկրներից որեւէ մեկում : Այդ մասին լրագրողներին հայտարարել է Մոսկվայի բանակցություններում իրանական պատվիրակության ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ միջուկային հիմնախնդրի վերաբերյալ վեցակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռ չի քննարկվում:

Ամեն ինչ կախված կլինի Մոսկվայում բանակցությունների երրորդ փուլից, նաեւ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է Թեհրանն այն երկրի հետ, որտեղ հնարավոր է բանակցությունների անցկացումը, նշել է նա:

«Այդ երկիրը նաեւ չպետք է միակողմանի պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ», - հավելել է իրանցի պատգամավորը:
Ինչպես իրանական պատվիրակության աղբյուրին վկայակոչելով տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այսօր` հունիսի 19-ին, Մոսկվայում կարող է կայանալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի եւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալիի հանդիպումը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Մոսկվայում անցկացվում են արդեն երկրորդ օրը: Բանակցությունների առաջին օրվա ամփոփմանը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղիրին հայտարարել էր, որ բանակցությունների առաջին փուլը կառուցողական է եղել, եւ Իրանը հույս ունի, որ Բաղդադում իրեն առաջարկված քայլերը հնարավորություն կտան բանակցությունները կառուցողական շարունակելու:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ Մոսկվայում  «վեցյակի» բանակցությունները ավելի բովանդակալից են, քան Բաղդադում կայացած նախորդ հանդիպումը: