2012 թ. Սեւանա լճից բաց կթողնվի աննախադեպ մեծաքանակ ջուր, սակայն դրա հետեւանքով Սեւանա լճի մակարդակը չի նվազի: Այդ մասին այսօր` հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի բարեփոխումների իրականացման գրասենյակի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը: Նրա խոսքով` Սեւանա լիճ ջրի մուտքի եւ ելքի հաշվեկշիռը էական փոփոխություններ չի կրի:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Սեւանա լճից օրենքով թույլատրված 170 մլն խոր. մետր առավելագույն չափաքանակի փոխարեն բաց թողնել 320 մլն խոր մետր ջուր:

Նշենք, որ Սեւանա լճի մակարդակը վերջին տարիներին բավական արագորեն բարձրանում է: 2001 թ. ընդունված ծրագրով` Սեւանա լճի մակարդակը 10 տարում պետք է բարձրանար 216 սմ, սակայն արդեն բարձրացել է 380 սմ-ով, այսինքն` սահմանված գրաֆիկից առաջ անցնելով 7.5 տարի:

Տարեկան միջին հաշվով Սեւանը բարձրանում է 30 սմ-ով, իսկ վերջին 3 տարում` 42 սմ-ով:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ հունիսի 19-ի դրությամբ Սեւանի մակարդակը կազմում է 1900.48 մ` Միջերկրական ծովի մակարդակի համեմատ: Այս մակարդակը նույնն է, ինչ նախորդ տարվա հունիսին, սակայն 35 սմ-ով գերազանցում է այս տարվա մարտի ցուցանիշը: