Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին տղայի հայտնաբերման փաստով ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնից: 

Ոստիկանության Մեծամորի բաժին պետ Մուշեղ Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բոլոր անհրաժեշտ աշխատանքները տարվում են հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: NEWS.am-ի տեղեկություններով ստուգվում են բոլոր այն գյուղերը, որտեղով անցնում է ջրատարը: Ստուգումներ են անցկացվում նաեւ հաշվառում անցած հղի կանաց շրջանում:

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետ Եսայի Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ երեխան իրենց գյուղի հետ կապ չունի: Նրան իրենց գյուղի բնակիչներից մեկն է հողամասը ջրելիս նկատել: «Եսիմ որտեղից է երեխային ջուրը բերել»,- ավելացրեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ` հունիսի 18-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Մայիսյան գյուղի մի ջրատարում նորածնի դիակ են գտել: Նորածինն արական սեռի է եղել, անգամ պորտալարը կտրված չի եղել:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, դաշտում աշխատող գյուղացիներն են պատահմամբ գտել երեխայի դին ու ահազանգել իրավապահներին: Թե ինչպես է երեխան հայտնվել ջրատարի մեջ, դեռ հայտնի չէ: