Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո թերթը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ.

Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, անկախ դրա բովանդակությունից։ Դուք է՞լ եք առաջնորդվելու այդ տրամաբանությամբ։ 

Իզուր եք հարց տալիս՝ ես արդեն արտահայտվել եմ այդ մասին։ 

Մի անգամ էլ արտահայտվեք, եթե կարելի է։ 

Եթե իրենք բերեն առողջ, լավ ծրագիր՝ կքննարկենք։ Քիչ առաջ տեսաք՝ ինչ նախագծեր էին բերել. թերություններն ավելի շատ էին, քան դրականը։ Երկու հարց էին բերել, երկուսն էլ տրամաբանորեն, տնտեսագիտական առումով սխալ են ներկայացված։ 

Իսկ ընդհանրապես... 

Իսկ ընդհանրապես մենք ենթադրում ենք, որ նրանք պրոֆեսիոնալ ծրագիր չեն կարող բերել, չեն էլ ուզում բերել։

Այնուամենայնիվ՝ ծրագրի՞ն եք «այո» կամ «ոչ» ասելու, թե՞ ծրագիրն իրականացնողներին։ 

Չէ, կոնկրետ ծրագիրն է քվեարկվում։ Ես ծրագրերի մասին եմ խոսում՝ մարդկանց չեմ կպնում։ Եթե բերեն պրոֆեսիոնալ ծրագիր՝ կողմ կքվեարկենք։ 

Նիստի ընթացքը, քննարկումների մթնոլորտն ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում։

Նորից եմ ասում՝ պրոբլեմները ներկայացված էին շատ ցածր մակարդակով. տեղյակ չեն՝ ինչ է կատարվում իրական կյանքում։ Եվ, ինչպես տեսնում եք, ստիպված՝ հավանություն են տալիս։ Բիզնեսի շահերից բխող հարցեր դրեցինք, որոնք, դժբախտաբար, մնացին անպատասխան։ 

Կառուցողական քննարկումների դաշտ, ձեր առաջ քաշած հարցերին հետամուտ լինելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Չգիտեմ։ Մենք դեռ ոչ սենյակ ունենք, ոչ տպիչ ունենք, ոչ համակարգիչ, ոչ աշխատելու որեւէ հնարավորություն։