ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 19-ին հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:: Դրանից առաջ նրան հարցեր են ուղղել սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը, կապված Ալիեւի ռեժիմի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի վրա շարունակվող գրոհների, Ջուղայի գերեղմանոցը վերացնելու մասին:

Ինչպես հաղորդում է Հայ դատի Ամերիկայի գրասենյակը, հունիսի 19-ի առավոտյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացված հայտարարությունում սենատոր Բոքսերը մի շարք հարցեր է բարձրացրել, հույս հայտնելով, որ դրանց առաջնահերթություն կտա դեսպան Մորնինգսթարը Բաքվում իր պաշտոնավարման ժամանակ:

«Անհրաժեշտ է, որպեսզի դեսպան Մորնինգսթարն օգտագործի իր դիրքը եւ առարկություններ ներկայացնի Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ կատարվող ագրեսիայի ու գրոհների, ինչպես նաեւ դրանց սպառնալիքների դեմ»,-ասել է սենատոր Բոքսերը, ով կոչ է արել դեսպանի թեկնածուին Ադրբեջանի կառավարությանը ստիպել հարգել 1994-ի հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաեւ հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցը ոչնչացնելու առթիվ:

Սենատոր Բոքսերը հիշատակել է նաեւ հունիսի 4-6-ին Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունները` Հայաստանի եւ ԼՂ սահմանին:

Դեսպան Մորնինգսթարը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընդհանուր կոչերն ուղղված կողմերին` «ցուցաբերել զսպվածություն, կատարել 1994-ին կնքված հրադադարի պահպանման պարտավորությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խաղաղության հասնելու համար»:

Նա հավելել է. «Եթե ես հաստատվեմ դեսպանի պաշտոնում, ես կաշխատեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ եւ Ադրբեջանի կառավարությանը վճականորեն կոչ կանեմ հարգել հրադադարի ռեժիմը ամրապնդել դրա կատարումը»:

Անդրադառնալով սենատոր Բոքսերի հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Ադրբեջանի հիմնական թշնամիները աշխարհի բոլոր հայերն են», դեսպանը ավելի կտրուկ է արտահայտվել. «Եթե ես հաստատվեմ դեսպանի պաշտոնում, ես համոզիչ փաստարկներ կբերեմ այն մասին, որ անպատասխանատու հռետորությունն անընդունելի է եւ խափանում է հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը: Ես Ադրբեջանի կառավարությանը զսպվածության կոչ կանեմ, որպեսզի սեփական ժողովրդին պատրաստեն խաղաղության, ոչ թե` պատերազմի»:

Ինչ վերաբերում է Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացմանը, Մորնինգսթարը խոստացել է «ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի այցելի Հին Ջուղայի հայկական գերեզմանոց»: «Ես Ադրբեջանի կառավարությանը մանրամասն կներկայացնեմ մեր մտահոգությունը եւ կըդգծեմ Ադրբեջանում հայկական կրոնական եւ մշակութային հուշարձանները պահպանելու անհրաժեշտությունը»: