Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին կազմավորվել է 274 ընտրական տեղամաս: Այդ մասին հայտնում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տեղամասերից մեկը Հայաստանի հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչությունում է՝ Հայաստանում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

ԼՂՀ բոլոր շրջաններում կազմակերպվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ, որտեղ ուսուցանվել եւ որակավորում են ստացել ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներ՝ առաջիկայում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը անհրաժեշտ թվով անդամներով համալրելու համար:

ԿԸՀ-ում այսօր` հունիսի 20-ին, վիճակահանությամբ կհաստատվի ԼՂՀ նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով վճարովի եւ անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը, եւ կմեկնարկի նախընտրական քարոզչությունը, որը կավարտվի հուլիսի 17-ին՝ ժամը 24.00-ին:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունները կայանալու են 2012 թվականի հուլիսի 19-ին: