Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը` վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի հետ կապված սկանդալի պատճառով:
Զարդարին նախատեսել էր հունիսի 20-22-ին մասնակցել Սանկտ-Պետերբուրգում տեղի ունենալիք միջազգային տնտեսական ֆորումին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պակիստանի գերագույն դատարանը երկրի վարչապետ Յուսուֆ Գիլանիին զրկել է պաշտոնից եւ պատգամավորի մանդատից: Բացի այդ, դատարանը վճռել է, որ նոր վարչապետը պետք է նշանակվի մոտ ժամանակներս, նախագահ Ասիֆ Զարդարիի կողմից:
Ավելի վաղ Պակիստանի Գերագույն դատարանը Գիլանիին մեղավոր էր ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի ծաղկման մեջ: Ապրիլին նա դատարանի որոշմամբ դատապարտվել էր խորհրդանշական 5 մայրկյան ազատազրկման:
Պակիստանի Սահմանադրության համաձայն, քրեական պատասխանատվության ենթարկված քաղաքացին առաջիկա 5 տարում չի կարող պետծառայող լինել, ինչպես նաեւ ընտրվել խորհրդարանի պատգամավոր:
Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին Իսլամաբադում իշխող կուսակցության արտակարգ նիստ է հրավիրել: