Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, հունիսի 19-ին, իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում լատվիական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին քաղաքական երկխոսության շարունակական խորացման ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ երկու երկրների փոխգործակցության հետագա ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում:

Կարեւորելով Հայաստանի եվրոինտեգրման գործընթացում արձանագրած առաջընթացը` Նախագահ Բերզինշն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս ցուցաբերել հնարավոր աջակցություն: Լատվիայի նախագահի խնդրանքով, դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ռիգայում գտնվելու ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպեց նաեւ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտեւսի, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարար Ռոբերտս Կիլիսի հետ: