Մեքսիկայում G20 գագաթաժողովում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան միջոցառումներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը Սերգեյ Մագնիտսկիի գործն օգտագործի ռուս գործարարներին երկիր չթողնելու համար:

Նա 37-ամյա Մագնիտսկիի մահն անվանել է ողբերգություն, սակայն Ռուսաստանը, նախագահի խոսքով, չի կարծում, թե գործը նման հիշարժան է ԱՄՆ-ի Կոնգրեսում այդքան քննարկումների դրվելու համար: 

Բենջամին Քարդինի առաջարկած օրինագիծը ենթադրում է ռուս մի շարք գործարարների մուտքի արգելքն ԱՄՆ, որոնք առնչություն ունեն բանտում  Hermitage Capital հիմնադրամի իրավաբանի մահվան հետ: Նման միջոցառումները մեծ վնաս կհասցնեն ռուս գործարարներին, որոնցից շատերը հաշիվներ եւ անշարժ գույք ունեն ԱՄՆ-ում, նրանց երեխաներն էլ ուսանում են արեւմտյան բուհերում, գրում է BBC-ն:

Պուտինն անդրադարձել է նաեւ Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայմանը եւ Սիրիայի խնդրին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Պուտինը հայտարարել էր, որ ՀՀՊ-ի հարցի լուծումը կախված չէ նրանից` Օբաման կլինի՞ նախագահ, թե` ոչ:  Սիրիայի վերաբերյալ ՌԴ նախագահը նշել է, որ իշխանափոխությունն այնտեղ պետք է կատարվի միայն սահմանադրական ճանապարհով:

Միաժամանակ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բաշար Ասադի մնալու դեպքում իրավիճակի փոփոխության հնարավորություն չի տեսնում: ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ Սիրիայի նախագահը կորցրել է լեգիտիմությունը եւ պետք է հեռանա:

Նա նաեւ խոստովանել է, որ հնարավոր չեղավ Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների դիրքորոշումը փոխել: