Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներում ռեալ զգացվում է իրանական սպառնալիքը: Այդ մասին IzRus-ի հետ հարցազրույցում հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Խոսքն այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Տաջիկստանը, Ղրղըզստանը: Հիշենք Ադրբեջանում վերջերս հրեաների եւ իսրայելցիների վրա հարձակման փորձերը, ինչպես նաեւ Բաքվում «Եվրատեսիլի» անցկացման նախօրեին Իրանի հրապարակային սպառնալիքները Ադրբեջանի հասցեին: Դա վերաբերում է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գրեթե բոլոր երկրներին», - հստակեցրել է նա:
Մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռուսական դիրքորոշումը «վեցյակի» բանակցություններում (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ՉԺՀ), որի հերթական փուլն ավարտվել է հունիսի 19-ին` Մոսկվայում, նախարարը հայտարարել է. «Ռուսաստանն այդ տեսակետից իրեն զուսպ է պահում: «Վեցյակի» համատեքստում այն, դժբախտաբար, ընդհանուր սկզբունքներին է հավատարիմ, որը ես սխալ եմ համարում: Այնուամենայնիվ, տվյալ դեպքում Ռուսաստանն ադապտացրել է արեւմտյան տերությունների սկզբունքները: Նրանք համարյա բոլորը միասնական ճակատով են հանդես գալիս:
Բնականաբար, այդ թեման կշոշափվի Ռուսաստանի նախագահի այցի ժամանակ (Իսրայել, որը տեղի կունենա հունիսի 25-ին): Մենք մեկ անգամ եւս կփորձենք բացատրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերի համատեքստում կարեւոր է հասկանալը, թե ինչպիսի հեռանկարներ են մեզ սպասվում իրադրության նման զարգացման դեպքում»: