Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան գործով Պետական վերահսկիչ խորհրդի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում սկանդալային մանրամասներ են հայտնվել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Պետական վերահսկիչ խորհրդի ներկայացրած զեկույցում նշվել է, թե 1998-ին 24 TC 245 պետհամարանիշով մի մեքենա մոտեցել է Օզալի տանը։ Մեքենայից դուրս եկած անձը ներկայացրել է Շեհրիյար Փուրնովազ անունով եւ ցանկացել է հանդիպել Օզալի կնոջ՝ Սեմրայի հետ։

«Այդ ժամանակ տիկին Սեմրան տան չի եղել։ Անծանոթը թողել է գրություն, որի մեջ գրված է եղել. «Թուգութ Օզալին սպանել են Գլիկոնորինաիդ կոչվող դեղամիջոցով։ Մարդասպանը գտնվում է Ադրբեջանում, անունը՝ Հասան Ալիօղլու»։  Գրության մեջ եղել է նաեւ այն հյուրանոցի հասցեն, որտեղ իջեւանել է անծանոթը։ Ավելի ուշ, Օզալի կնոջ թիկնապահները գնացել են այդ հյուրանոց եւ նման անձի այնտեղ չեն գտել։ Հայտնի է դարձել, որ նման անունով մարդ օրինական ճանապարհով Թուրքիա չի մտել»,-մեջբերել է զեկույցից մի հատված Haberler-ը։

Նշենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել:

Հիշեցնենք, որ  մի շարք թուրգ դիվանագետներ պնդում են, թե ժամանակին Թուրգութ Օզալը ցանկացել է լուծել Հայոց ցեղասպանության հարցը եւ նույնիսկ հետքրքրվել պաշտոնյաներից, թե Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան որքան փոխհատուցում է վճարելու։