Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) վարձակալումից հրաժարվելը ռուսական պետության անվտանգությանը վնաս չի հասցնի: Այդ մասին Արմավիրում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն:

Նա հստակեցրել է, որ Գաբալայի ՌԼԿ-ի ավելի քան արժանի փոխհատուցումը Ռուսաստանի համար կլինեն «Վորոնեժ»  տեսակի գործարանային բարձր պատրաստականությամբ աշխատող  դեցիմետրային եւ մետրային դիապազոններով նոր կայանները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա վստահեցրել է, որ Արմավիրի «Վորոնեժ» կայանն իր չափորոշիչներով  գերազանցում է Գաբալայի կայանին եւ ի վիճակի կլինի լուծել այն խնդիրները, որոնք իրականացնում էր Գաբալայի ՌԼԿ-ն, եւ նույնիսկ` դրանք  լուծել ավելի բարձր մակարդակի վրա: 

Գեներալն ուղղակի պատասխան չի տվել  Գաբալայի ՌԼԿ-ի իրավիճակի շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների  վերաբերյալ: «Գաբալայի կայանի մասին ես որեւէ բան դեռեւս չեմ ասի, համապատասխան որոշումներ կընդունվեն, եւ մենք կաշխատենք այդ որոշումներին համապատասխան»:

Միաժամանակ հրամանատարը խոստովանել է, որ Գաբալայի ՌԼԿ-ն դեռ կարող է ծառայել Ռուսաստանի շահերին: