20 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանն ու Ամերիաբանկը մայրաքաղաքի բնակչությանը եւ հյուրերին հնարավորություն են ընձեռել «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձեւավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Այս մասին NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորում եւ խրախուսում է բոլոր այն  ծրագրերի իրականացումը, որոնք հավելյալ խթան են մայրաքաղաքի զարգացման հարցում»,-նշել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված «Երազանքների պատ»- երին, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ «Ամերիաբանկի» Facebook-ի էջերում, եղել են բազմաթիվ երազանքներ: Ծրագրի համատեքստում առաջին նվերը երեւանցիներին կմատուցվի հունիսի 26-ին: Հաշվի առնելով Երեւանում եռաչափ պատկերներով ձեւավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձեւավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության միջոցով Երեւանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը: «Թեեւ մի քանի ժամ եմ Երեւանում, սակայն հասցրել եմ հիանալ ձեր քաղաքով: Համոզված եմ, որ երեւանյան աշխատանքս համալրելու է իմ լավագույն գործերի շարքը»,- նշել է Նիկոլայ Արնդտը:

Թե ի°նչ նկար է պատկերվելու սալահատակին՝ կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն եւ ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով եւ նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երեւանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:  

Նշենք նաեւ, որ մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, որը նախաձեռնողներրի կարծիքով  նոր շունչ կհաղորդի եւ ավելի կգեղեցկացնի քաղաքը: