Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել պնդումները Հայաստանի արտաքին առեւտրի դրական միտումների մասին`ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճի առումով: Սակայն նման գնահատականները ճիշտ չեն, ինչի վկայությունն է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի աճը; Իսկ թյուրիմացությունն ի հայտ է գալիս այն պատճառով, որ համեմատության համար հիմք են ընդունում միայն տոկոսային փոփոխությունները` արտահանման տոկոսային աճը գերազանցում է ներմուծման տոկոսային աճին:

Հարց է առաջանում` ինչո՞ւ այդ դեպքում արտաքին առեւտրի բացասական մնացորդը չի կրճատվում: Պատասխանը շատ պարզ է` ներմուծման եւ արտահանման ծավալները տարբերվում են մոտ 3 անգամ, հետեւաբար` դրանց փոփոխության համեմատությունը չի կարելի կատարել զուտ տոկոսային գնահատականով (աճի տոկոսները կիրառվում են տարբեր բազային մեծությունների վրա):

Ասվածն ապացուցելու համար ներկայացնենք վիճակագրական տվյալները: 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-մայիսին կազմել է 2.2 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9%-ով: Արտահանումը 561 մլն դոլար է (աճը 15.2%), ներմուծումը` 1.67 մլրդ դոլար (աճը` 7.1%): Արտաքուստ` արտահանումն ավելի առաջանցիկ աճ ունի, իրականում` արտահանման ֆիզիկական ծավալների փոփոխությունը զիջում է ներմուծման ֆիզիկական ծավալների աճին:

Արտաքին առեւտրի բացասական մնացորդը այս տարվա 5 ամսում կազմել է 1 մլրդ 116 մլն դոլար, իսկ այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34 մլն դոլարով: Հետեւաբար` Հայաստանի արտաքին առեւտրի մնացորդը 2012 թ. ընթացքում ոչ միայն չի բարելավվել, այլեւ բացասական մնացորդը աճել է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թեեւ տոկոսային հարաբերությամբ արտահանման աճը գերազանցում է ներմուծման աճին, ֆիզիկական համեմատությամբ` ներմուծումն ավելի մեծ չափով է աճում: Այսպես` արտահանումը այս տարվա 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա 5 ամիսների համեմատ աճել է 74 մլն դոլարով, իսկ ներմուծումը` 108 մլն դոլարով:

Իսկ տոկոսների թվացյալ «դրական» միտումը ընդամենը հետեւանք է այդ տոկոսադրույքները բազային տարբեր մեծությունների վրա կիրառելուն: Այսինքն` որպեսզի ստանանք արտահանման առաջանցիկ իրական աճ, պետք է ունենանք ոչ թե 6-7 տոկոսային կետի գերազանցում ներմուծման նկատմամբ, այլ ֆիզիկական ծավալների գերազանցում, իսկ դա տվյալ դեպքում հնարավոր էր միայն արտահանման 10 տոկոսային կետով առաջանցիկ աճի դեպքում:

Սամվել Ավագյան