Հարցազրույց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

Պրն. Ասատրյան, կառավարության գործունեության ծրագրում մի շարք դրույթներ կան կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի, երեխաներին տրվող նպստների չափերի ավելացման, աղքատության կրճատման վերաբերյալ: Ավելի կոնկրետ, ի՞նչ փոփոխությունների ակնկալիքներ պետք է ունենա ՀՀ քաղաքացին:

Սկսենք կենսաթոշակից: Մեր քաղաքականությունը հետեւյալն է` աղքատ կենսաթոշակառու չպետք է լինի: Այդ պատճառով կառավարությունը շարունակելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը: Կառավարության ծրագրում ամրագրվել է միջին աշխատանքային կենսաթոշակի բարձրացում` մինչեւ աղքատության գծի 125-135%-ի չափով (աղքատության գիծը 33.5 հազ. դրամ է-խմբ): Այս առումով աշխատանքները տարվում են 2 ուղղություններով` կենսաթոշակառուների ցուցակների մաքրում ու ճշգրտում, եւ ոլորտին հատկացվող միջոցների ավելացում:

Բացի այդ` 2014 թ. հունվարի 1-ից ներդնելով կուտակային կենսաթոշակային համակարգը` նախատեսում ենք կենսաթոշակի ֆինանսավորման մի քանի աղբյուր: Այսօր կենսաթոշակային համակարգը սնվում է միայն մեկ աղբյուրից` պետական բյուջեից: Կուտակային համակարգը նախատեսում է, որ քաղաքացիներն իրենք էլ ներդրում ունենան իրենց բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար:

Շատերին հատկապես հետաքրքրում է ծնելիության խթանման նպատակով երեխաների նպաստների չափը:

Կառավարության ծրագրով նախատեսվում է երրորդ եւ չորրորդ երեխայի ծննդյան դեպքում ներկայիս 430 հազ. դրամի փոխարեն վճարել 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ հաջորդ երեխաների դեպքում` 1.5 մլն դրամ: Ցավոք` ծնելիության  ներկայիս ցուցանիշները չեն ապահովում բնակչության պարզ վերարտադրությունը: Յուրաքանչյուր ընտանիքում երրորդ երեխայի ծնունդն է ապահովում պարզ վերարտադրություն, ինչով էլ պայմանավորված է նպաստի չափի ավելացումը: Բայց կա նաեւ երեխային պահելու, ապահովելու խնդիրը: Միջոցառումներն ավելի համալիր են դիտարկվում, եւ պատահական չի, որ կառավարության ծրագրի համաձայն` երեխաների անվճար բուժօգնությունն իրականացվելու է հավաստագրերով, եւ տարիքը բարձրացել է մինչեւ 10 տարեկան:

Ինչո՞վ է պայմանավորված նվազագույն աշխատավարձը կրկնակի բարձրացնելու խոստումը:

Աշխատող մարդը աղքատ չպետք է լինի: Այսօր ունենք աշխատող աղքատներ, քանի որ նվազագույն աշխատավարձը (ամսական 32.5 հազ. դրամ,- խմբ) աղքատութան գծին չի գերազանցում: Այդ պատճառով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը կրկնապատկել, որպեսզի աշխատող քաղաքացին աղքատ չլինի:

Կարելի՞ է ենթադրել, որ հենց այս միջոցառումները կբերեն աղքատութան 8-10 տոկոս կրճատման, ինչպես նշված է ծրագրում:

Աղքատության կրճատման համալիր ծրագիր է իրականացվելու: Բացի վերը նշված քայլերից` կարեւորում ենք երեխաների կրթության հետ կապված խնդիրները եւ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը:

Կառավարության ծրաքգիրը նախատեսել է անվճար կրթության ապահովում  ընդհուպ մինչեւ միջին մասնագիտական կրթական համակարգ (այսինքն` հիմնական դպրոց, ավագ դպրոց եւ միջին մասնագիտական դպրոց): Իսկ անապահով ընտանիքների համար կապահովենք նաեւ բարձրագույն մասնագիտական կրթություն: Աղքատության կրճատման եւ մարդկային կապիտալի զարգացման համար շատ կարեւոր է կրթական խնդիրների լուծումը` աղքատությունը մեծ է այն ընտանիքների մոտ, որտեղ կրթական մակարդակը ցածր է եւ հակառակը:

Մյուս ուղղությունը` ներդնելու ենք սոցիալական աշխատողի ինստիտուտ, որն ամբողջությամբ փոխում է սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Դրամական տեսքով սոցիալական ծառայությունների տրամադրումը պետք է իրականացվի առանց քաղաքացիների հետ շփումների` վարչական աշխատողները կաշխատեն բացառապես տեղեկատվական համակարգերի կիրառմամբ: Իսկ բուն սոցիալական աշխատանքը պետք է կատարեն սոցիալական աշխատողները, որոնք պարզապես պետք է տիրապետեն իրենց սպասարկման տարածքում գտնվող բնակչության սոցիալական կարիքներին ու խնդիրներին: Ոչ միայն հետեւանքներով զբաղվեն, այլ կանխարգելիչ գործառույթներ անեն` կարիքները գնահատեն, ախտորոշեն, ու դրա հիման վրա սոցիալական գործ վարեն: 

Իսկ ե՞րբ մեր քաղաքացիները կտեսնեն այդ փոփոխությունների արդյունքները:

Կառավարության գործունեության ծրագիրը խորհրդարանի կողմից հավանության արժանանալուց անմիջապես հետո կառավարությունն հաստատելու է ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի ժամանակացույցը: Այն կազմելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականն արդեն առկա է: Բացի այդ` վերանայվելու է կառավարության միկջինժամկետը ծրագիրը, որից անմիջապես հետո էլ սկսվում է բյուջետային գործընթացը` օգոստոսին 2013 թ. բյուջեի նախագիծը նախնական տեսքով պատրաստ կլինի, ու մի շարք հարցերի պատասխաններ այնտեղ կլինեն:

Զրուցեց` Սամվել Ավագյանը