Վրացի ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոալիցիան բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով` իր քաղաքացիության գործի հետ կապված: Այդ մասին գրված է նրա Facebook-յան էջում:

Բողոքը վերաբերում է  Իվանիշվիլիին ապօրինի կերպով վրացական քաղաքացիությունից զրկելուն, գրում է «Նովոստի Գռուզիան»:

«Վրացական երազանքը»  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին խնդրում է վերականգնել Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիությունը նախքան 2012թ. աշնանը նշանակված ընտրությունները:

Հիշեցնենք, Իվանիշվիլին քաղաքացիությունից զրկվել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա 2010թ. ֆրանսիայի քաղաքացի է դարձել: 2011թ. դեկտեմբերի 29-ին գործարարը դիմել էր դեսպանատուն` ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու համար: Ավելի վաղ նա  զրկվել էր Ռուսաստանիի քաղաքացիությունից` սեփական դիմումի համաձայն:

Հունվարին Իվանիշվիլին դիմել էր քաղաքացիական գրանցման ռեեստր` խնդրելով արագացված կարգով քաղաքացիություն տրամադրել: Մի քանի ամիս անց պատասխան էր ստացվել, որ Իվանիշվիլին, որպես այլ պետության քաղաքացի, չի կարող քաղաքացիություն ստանալ հպատակագրման ճանապարհով եւ պետք է հայց ներկայացնի երկքաղաքացիություն ստանալու համար:

Հունիսի 15-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում քննարկվել էր քաղաքացիությունը վերականգնելու Իվանիշվիլիի հայցը:

Նախօրեին լսվել էին կողմերի դիրքորոշումները: Վերջնական վճիռը դատարանը կկայացնի հունիսի 29-ին: