Վրացական կողմի հայտարարությունը` երրորդ ուժի մասին,  որը փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, հասցեագրված է Ռուսաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությունը, թե «երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի»: Նրա խոսքով` նման հայտարարություն արվում է  ոչ նրա համար, որ դա կապ ունի իրականության հետ, այլ որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ քարոզչական պատերազմի մաս են համարվում:

«Ռուս-վրացական պատերազմից հետո վրացական կողմի բոլոր բացասական գնահատականները կապված են Ռուսաստնի հետ, եւ դա հասկանալի է»,-հայտարաեց Մինասյանը` ընդգծելով, որ դա պարզապես քարոզչություն է եւ ուրիշ ոչինչ:

Ինչ վերաբերում է Վաշաձեի այն խոսքերին, թե հայ-ադրբեջանական նոր պատերազմը կթաղի հարավկովկասյան երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը, քաղաքագետն ընդգծեց, որ Վրաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, հասկանում են, որ եթե տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, Ռուսաստանն անպայման կմիջամտի. «Ուղղակի թե անուղղակի, այդ երկրի ներկայությունը կանդրադառնա Թբիլիսիի վրա, ինչն այնտեղ չեն ցանկանում: Ահա եւ դրա մասին խոսում են»,-եզրափակեց քաղաքագետը:

Ինչպես հողորդել էր NEWS.am-ը, ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում Վաշաձեն ասել էր. «Աստված մի արասցե նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան  բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը»:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արագ լիցքաթափման կհանգեցնեն: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի, իսկ լարվածությունը շփման գծում պահպանվեց հնարավորինս երկար»: Հարցին, թե որպես երրորդ ուժի նկատի ունի՞ արդյոք Ռուսաստանին, Վաշաձեն պատասխանել է. «Կռահեք ինքներդ»: