«Իմ քեռի Ռաֆայելը» ընտանեկան կատակերգության պրեմիերան, որտեղ գլխավոր պերսոնաժը հայ է, նախատեսված է այս տարվա սեպտեմբերի 21-ին` Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Թորոնթոյի եւ այլ խոշոր քաղաքների կինոթատրոններում:

Ֆիլմում նկարահանվել են Միսի Փայլը, Ջոն Մայքլ Հիգինսը, Էնթոնի Քլարքը, Ջո Լո Թրուլյոնն եւ Ռեյչել Բլանշարը:

Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», ֆիլմը, որի ռեժիսորը Սփիլբերգի պրոտեժե Մարք Ֆուսկոն է, ներկայացնում է հայկական միջավայր եւ հեռուստաաստղ Վահիկ Փիրհամզեին, ում հաջող խաղը քեռի Ռաֆայելի դերում ֆիլմի հաջողության գրավականն է:

Սա առաջին ամերիկյան կատակերգությունն է, որի գլխավոր հերոսը հայ է: Ֆիլմը ֆինանսավորել են Slater Brothers Entertainment եւ Rocky Mountain Pictures ընկերությունները:

«Հազվադեպ կարելի է հանդիպել ֆիլմի, որն աշխատում է տարբեր մակարդակներում եւ նման դրական արձագանք առաջ բերում:

Մենք ուրախ ենք զանգվածներին ներկայացնել «Ռաֆայելին»,-ասել է Slater Brothers Entertainment-ի ղեկավար Թոդ Սլեյթերը: