Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր` հունիսի 27-ին, հանդիպել է ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասցա Դավիթ Հարությունյանը:

Նա չցանկացավ նշել, թե ինչ են քննարկել հանդիպմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս շաբաթվա ընթացքում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպում կունենա հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի հարցը: Այդ մասին Մինյոնն ասել է հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել էր, թե հանդիպման արդյունքում կայացված որոշումն ուղարկվելու են ԵԽԽՎ Բյուրոյի քննարկմանը:

Մինյոնն ընդգծել էր, թե իր կարծիքով չարժե վերականգնել ենթահանձնաժողովը, երբ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հարցով զբաղվում է Մինսկի խումբը եւ իմ դիրքորոշումն այն է, որ խմբի աշխատանքը պետք է ավելի արդյունավետ ու օպերատիվ լինի, բայց չարժե ավելացնել նույն հարցով զբաղվեղ կառույցների թիվը»,-ասել էր Մինյոնը, հավելելով, որ դա իր կարծիքն է, այլ ոչ ողջ Բյուրոյի, Մինյոնը նշել է, թե եւս մեկ կառույցի ստեղծումը խառնաշփոթ կառաջացնի:

«Գործ ունենալով նման նուրբ հարցերի հետ, ամենավերջին բանը, որ մեզ պետք է, խառնաշփոթն է: Այդ հարցում մեզ հետեւողականություն եւ արդյունավետություն է պետք»,- նշել էր նա: