Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցին:

ՀԱԿ-ի հայտարարությունում ասվում է.

«Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը:

Զեկույցում մասնավորապես ասված է.

«Ընտրությունները, որոնք անցկացվել են կատարելագործված օրենքի հիման վրա,  բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով:

Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ եւ հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների հետ»:

Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Զեկույցում նաեւ բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին»: