Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 2-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության` Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի պատրաստման համար պատասխանատու պաշտոնյաների պատվիրակությանը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր, անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած այս տարվա զեկույցին, ըստ որի Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել վերջին տարիներին երեւույթի դեմ պայքարում ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի իրականացման հարցերին:  «Վերջին  չորս  տարիների ընթացքում ձեռնարկվել են  անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի երեւույթի դեմ պայքարը լինի համակարգված, համակողմանի եւ վճռական»,-նշել է փոխվարչապետը` ներկայացնելով նաեւ կատարված աշխատանքները: Նա մասնավորպես տեղեկացրեց, որ կատարելագործվել է օրենսդրական դաշտը,  ձեւավորվել է միջազգային համագործակցություն,  աշխատանքներ են կատարվել նաեւ երեխաների թրաֆիքինգի երեւույթների  կանխման ուղղությամբ. մասնավորապես իրականացվել է երեխաների գրանցման գործընթացը` բացառելու համար չգրանցման դեպքերը: Վերջին աշխատանքներում Ա. Գեւորգյանն ընդգծել է ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը:

Հյուրերն իրենց հերթին նշել են, որ Հայաստանի կառավարությունն այս ոլորտում տարեց տարի բարելավում է  աշխատանքները: Նրանց գնահատմամբ`  Հայաստանը շատ լավ ուղու վրա է,  ինչը կնպաստի առաջին խմբի երկրների թվում ընդգրկվելուն:

Կողմերն անդրադարձել են նաեւ երեւույթի դեմ պայքարում գործակցության հարցերին: Փոխվարչապետը նշել է, որ խորհուրդը եւ աշխատանքային խումբը պատրաստակամ են քննարկել օրենսդրության, պայքարի մեխանիզմների կատարելագործմանն ուղղված, ինչպես նաեւ համատեղ ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ առաջարկություններ: