Եվրամիությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այդ մասին, հուլիսի 4-ին, Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ ղեկավար Հերման վան Ռոմպեյը:

Դիվանագետը նշել է, որ Հայաստանին ֆինանսական աջակցությունը կաճի  25 տոկոսով եւ կհասնի 15 միլիոն եվրոյի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Սթանոնը հայտարարել էր, որ ԵՄ-ն դեռեւս հետաձգում է  խոստացված կոնֆերանսը: Սթանոնն ակնարկել է, որ դրա պատճառը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են, որոնք լիովին չեն արդարացրել եվրոպացիների սպասումները, եւ այժմ Բրյուսելում սպասում են 2013 թվականի նախագահական ընտրություններին:  

Սթանոնի խոսքը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով, որ ինչ-որ բան հետաձգելու համար, անհրաժեշտ է, որ այն ժամկետ ունենա: «Հաստատված ժամկետներ դեռեւս չկան: Մենք մեր եվրոպական գործընկերների հետ ուշադրությունը կենտրոնացնում ենք միջոցառման որակի ապահովման վրա եւ ցանկանում ենք որքան հնարավոր է արագ կոնֆերանս անցկացնել: Տվյալ պահին բանակցություններ են տարվում», - ամփոփել էր նա: