Հայ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, հուլիսի 16-ին ցուցահանդես է բացվել, որը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ցուցասրահում գեղեցիկ ու ճաշակով ցուցադրվել էին կիրառական արվեստի նմուշ տարբեր տեսակի խեցեղեն իրեր՝ ծաղկամաններ ու կժեր, սկահակներ ու գավաթներ, մոմակալներ ու զարդեր եւ խորհրդանշորեն այդ ամենի վրա իշխող «Առյուծ արքայի» արձանիկը-աշխատանքներ , որ ներկայացնում էին Օսիպով խեցեգործի հարուստ ստեղծագործական աշխարհի փոքրաթիվ հավաքածուն:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը բացելով ցուցահանդեսը, ներկա հասարակությանը ներկայացրել է Լեւոն Օսիպովի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, կարեւորելով նրա մասնակցությունը բազմաթիվ հեղինակավոր ցուցահանդեսների:

Բարձր գնահատելով խեցեգործ Լեւոն Օսիպովի արվեստը եւ նվիրվածությունն իր ծննդավայր Թբիլիսիին՝ արվեստագետ Մերաբ Մետրեւելին փոխանցել է Վրաստանի նկարիչների դաշնության դիպլոմը, որով պարգեւատրվել է Լեւոն Օսիպովը՝ ծննդյան 75 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանների կապակցությամբ:

Միջոցառում համեմված էր Աննա Պողոսովայի եւ Կարեն Միրզոյանի կատարմամբ երաժշտական գեղեցիկ համարներով: