Հայաստանում ապաստան եւ փախստականի կարգավիճակ ստանալու հայցով դիմել է սիրիահայ 6 ընտանիք: Այդ մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա տեղեկացմամբ` նրանց դիմումներն ավելի արագ են քննարկվում, քան նախատեսված է օրենսդրությամբ (30 օրվա փոխարեն` դիմումները 10 օրում լուծում են ստանում); Դիմումատուներին տեղավորում են հատուկ կացարանում` մինչեւ դիմումների քննության ավարտը: Այդ կացարանոմ 41 մահճակալ կա, միգրացիոն գործակալությունն իր տրամադրության տակ ունի նաեւ Դարբնիկ ավանի շենքը` 12-13 ազատ սենյակներով: Այսինքն` եթե ապաստան հայցողների թիվը մեծանա, ապա միգրացիոն ծառայությունն ի վիճակի չի լինի նրանց ապահովել կացարաններով, ու, Գ. Եգանյանի խոսքով` դիմելու է այլ պետական մարմինների աջակցությանը:

Բացի այդ փախստականների մեծ հոսքերի դեպքում գոյություն ունի պետությունների միջեւ բաշխելու սկզբունքը, ինչպես տեղի ունեցավ Բալկանյան ճգնաժամի ընթացքում: ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը նույնպես մասնագիտացած է նման հարցերում` աջակցություն կարող է լինել նաեւ նրանց կողմից: Գ. Եգանյանը հիշեցրեց, ո Իրաքի դեպքերի ժամանակ 1000-ից ավելի մարդ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով, 2006 թ. իսրայելա-լիբանանյան հակամարտության ժամանակ 200-ից ավելի նման դիմումներ են եղել երկու կողմերից էլ: Բոլոր այդ դիմումներին տրվել է դրական լուծում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի