ԼՂՀ-ում, սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա երկրի նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը:
ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Բակո Սահակյանը ժողովրդի առաջ կերդվի, որի տեքստը հետեւյալն է.

«Ստանձնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնը, երդվում եմ.

Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը` ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ հանուն մեր ժողովրդի բարեկեցության»:

Նորընտիր նախագահը կերդվի երկրի Սահմանադրության եւ 17-րդ դարի Կտարակարանի վրա:

Նշենք, որ հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում, ըստ Արցախի ԿԸՀ-ի արձանագրության, ԼՂՀ 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են 47095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22967, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 4: