Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով այսօր` հուլիսի 21-ին,  հրաժարական է տվել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնից, լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չի տվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր առաջադրման մասին հարցին: «Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա:

«Իմ բնավորությամբ ես կուսակցական չեմ, այլ հոգեւոր եմ, եւ մի քիչ հոգնել եմ եւ ուզում եմ քաղաքականությունից մի փոքր հանգստանալ: Հետագան նաեւ ցույց կտա` արդյոք կմնամ որպես շարքային կուսակցական, թե ոչ: Ժամանակը կգա եւ ամեն ինչ կերեւա՝ կառաջադրվեմ քաղաքապետի ընտրություններում, թե չէ: Դեռ ժամանակ կա»,-ընդգծել է նա:

«Շիրակ Կենտրոնի» փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ առաջիկա ՏԻՄ ընտրություններում, որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը չի առաջադրվի, իսկ ՀՀԿ-ն կպաշտպանի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասյանի թեկնածությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը քիչ առաջ հրաժարական է տվել կառույցի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է shirakcentre.org կայքը:

Ըստ այդմ, մարզային կառույցի ղեկավարումը հանձնվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին: Նիստը վարել է ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շիրակ Կենտրոնի փոխանցմամբ, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել քանզի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

Սահակ Մինասյանը եւս հայտարարել է, որ ինքը մտադիր չէ առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու:

Լուսանկարը`  «Հետքի»