Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի` Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում, վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Իսկ նշեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, որ երկուսի վիճակն էլ բավարար է, սակայն դժվար է ասել, թե երբ դուրս կգրվեն հիվանդանոցից: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա հնարավոր է Մարկ Սաղաթելյանը դուրս գրվի մեկ շաբաթից, իսկ Գրիգոր Նազարյանը մի փոքր երկար կմնա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո նրանք տեղափոխվել էին Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: