NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, «Եզրագծից այն կողմ» սերիալի դերասանուհի Անի Սարգսյանի մահվան մասին:

Այսպես, 42-ամյա Անին տառապում էր սարկոմա հիվանդությամբ (ոսկրածուծային ծագման ուռուցք): Մեր տեղեկություններով` նա ապրում էր մոր հետ, ընտանիքի միակ զավակն էր, ամուսնացած չէր, երեխաներ չուներ: Դերասանուհին հիվանդության մասին իմացել է մոտ մեկ տարի առաջ` Մոսկվայում ախտորոշման ժամանակ: Դեռեւս այն ժսմանակ բժիշկներն նրան զգուշացրել էին, որ սա շատ ծանր հիվանդություն է` անկանխատեսելի ընթացքով, եւ այսպիսի հիվանդները լավագույն դեպքում 1-2 ամիս են ապրում: 

Խաղընկերները պատմեցին, որ Անին շատ դրական անձնավորություն էր եւ հիվանդությունը հայտնաբերվելուց հետո շուրջ մեկ տարի նրան հաջողվել է  ապրել հենց լավատեսության շնորհիվ: Դերասանուհիների խոսքով` Անի Սարգսյանը հավատում էր, որ ինքը կապրի, նույնիսկ կատակներ էր անում իր մահվան մասին, երբեք թույլ չէր տալիս, որ իրեն խղճան եւ ասում էր, որ «ես չեմ կարող մեռնել, Աստված ինձ կփրկի»: Վերջերս Անի Սարգսյանը գնացել էր հանգստանալու, սակայն լավ չէր զգացել իրեն եւ հետ էր եկել, տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ 3 օր պառկելուց հետո էլ մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ու Հայաստանի թատերական գործիչների միությունը ցավով տեղեկացրել էին, որ երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է նոր սերնդի շնորհալի ներկայացուցիչներից մեկը՝ դերասանուհի Անի Սարգսյանը, ով գեղարվեստաթատերական ինստիտուտի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցն ավարտելուց հետո իր ճակատագիրը կապել էր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ:

Մոտ մեկ տասնյակ դերեր էր հասցրել խաղալ դերասանուհին, նրան ճանաչում բերեցին նաեւ հեռուստասերիալները, որտեղ նա փորձեց ստեղծել «ճակատագրական կանանց» կերպարներ: Թատրոնում հիշատակության են արժանի նրա Ադելան՝ «Բեռնարդան եւ նրա աղջիկները,», Օվսաննան՝ «Մուսա լեռան քառասուն օրը» , Նատոն՝ «Էլի մեկ զոհ» , Մելին` «Եզոպոս» եւ այլն: Սրանք բարդ հյուսվածքի դերեր էին, որոնք դերասանուհին խաղում էր ընդգծված արտահայտչականությամբ, նկատելի վարպետությամբ:

Հեռուստասերիալներից ամենանշանավորը «Եզրագծից այն կողմն» էր, որտեղ մինչեւ վերջերս դերասանուհին նկարահանվում էր Ինայի դերում