Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 61-ով, իսկ կատարող անձերի թիվը`33-ով: Այս մասին այսօր` հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն` ամփոփելով 2012 թվականի առաջին կիսամյակը (ֆոտոռեպորտաժ):

«Անչափահասների կողմից կատարվում են հիմնականում գույքի հափշտակման դեպքեր: Այս տարի արձանագրվել է 98 նման դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված  165 դեպքի փոխարեն»,- ասաց Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ անչափահասների կողմից ավազակային հարձակման մեկ դեպք է արձանագրվել այս տարվա առաջին կիսամյակում: Ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 8-ով, թմրամիջոց օգտագորելու դեպքերը՝ 3-ով: Աճ է արձանագրվել անօրինական զենք կրելու դեպքերում՝ նախորդ տարվա 1-ի փոխարեն այս տարի դրանք 8-ն են, հիմնականում` սառը զենքի տեսքով:

«Հանցագործություն են կատարում նաև սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները»,- ասաց Նելլի Դուրյանը` հավելելով, որ դա ճիշտ դաստիարակության, ծնողների անտարբեր վերաբերմունքի պատճառով է:

Նելլի Դուրյանի խոսքով՝ այս տարի 108 բռնության դեպք է գրանցվել անչափահասների նկատմամբ նախորդ տարի արձանագրված 83-ի փոխարեն, ընդ որում` այս տարի արձանագրված 108 բռնության դեպքից 43-ը սեռական բռնության դեպք է: Անչափահասների կողմից հիմնականում կատարվում են միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքեր: Այս տարի նման 16 դեպք է արձանագրվել նախորդ տարի արձանագրված 25-ի փոխարեն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի