Երեւանում այսօր նկարազարդված է 76 կամարանցում, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այդ մասին զեկուցել է Երեւանի գլխավոր դիզայները` նշելով, որ ձեւավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, եւ մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների գեղարվեստական ձեւավորման ծրագիրը:

Վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին անդրադառնալով` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Զեկուցվել է նաեւ, որ որոշ համատիրություններ, նախատեսված ծրագրից բացի, իրենց նախաձեռնությամբ ձեռնարկել են լրացուցիչ աշխատանքներ` շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ:

Նախորդ շաբաթվանից մեկնարկել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Զեկուցվել է, որ սահմանվել է ժամակացույց վարչական շրջանների բակային տարածքներում  շաբաթօրյակների կազմակերպման համար: Քաղաքապետը  հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաեւ համատիրություններին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ ամենօրյա հսկողություն իրականացնել եւ հնարավորին սեղմ ժամկետում ավարատել բազմաբնակարն շենքերի պատերին եւ հենասյուներին փակցված հայտարարությունների մաքրումն ու արտաքին պատշաճ տեսքի ապահովումը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում սահմանազատված վայրերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրումն ապահովելու ուղղությամբ:

Շարունակվում է հսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու, ինչպես նաեւ բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երեւան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված իրավախախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Ընթացքի մեջ են վերգետնյա 7  նոր անցումների կառուցման աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար` հնարավոր սառցակալումների եւ հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են նաեւ բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը: Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել եւ հանձնվել են բնակիչներին:

Շարունակվում է ամենօրյա հսկողություն իրականացվել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի:

Անդրադառնալով թափառող կենդանիների խնդրին եւ բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին ու անհանգստություններին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել շուրջօրյա համակարգված աշխատանքը եւ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները ապահովելու համար բնակչության անվտանգությունը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, որոնց շրջանակում մի շարք մարզաձեւերի առաջնություններն արդեն ավարտվել են: