«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Երեք բառով նկարագրեք ձեզ:

Սովորական մարդ եմ:

Որո՞նք են ձեր դրական կողմերը:

Սկզբունքային եմ եւ պահանջկոտ:

Իսկ բացասական կողմե՞րը:

Երբեմն չափից ավելի ներողամիտ եմ:

Ձեր թուլությունը:

Գեղեցիկը գնահատող եմ:

Որպես գեղեցիկը գնահատող մարդ` ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:

Ինձ թվում է` բարությունը պետք է փրկի աշխարհը:

Ձեր կարգախոսը;

Լինել ազնիվ, շիտակ եւ չշեղվել հիմնական նպատակից:

Ինչի՞ց եք վախենում:

Շողոքորթությունից:

Ի՞նչը կփոխեիք ձեր մեջ:

Եթե ամեն ինչ նորից սկսեի, կվարվեի նույն կերպ, կապրեի նույն կյանքով:

Ու՞մ հանդեպ եք  ձեզ մեղավոր զգում:

Մեղավոր եմ զգում ծնողներիս հանդեպ:

Ի՞նչի համար եք զղջում:

Որեւէ խոսքի կամ արած քայլի համար չեմ զղջում, բայց մեղավոր եմ զգում ինձ ծնողներիս առջեւ:

Ե՞րբ եք ստում:

Երբեմն բարի նպատակներով չեմ ասում ամբողջ ճշմարտությունը:

Ի՞նչն է ձեզ զայրացնում:

Անազնվությունը, դավաճանությունը, կեղծիքը, շողոքորթությունը, քծնանքը, պաշտոնամոլությունը:

Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա:

Դուք պետք է այդ հարցը չտայիք, որովհետեւ դուք տեսել եք, թե ես ինչքան հեշտությամբ եմ հրաժարվում բարձր պաշտոններից: Ես կարծում եմ, որ մարդն ավելին է, քան այն աթոռը կամ պաշտոնը, որի վրա նա նստած է: Մարդը պետք է բերի այդ պաշտոնին հեղինակություն, ոչ թե աթոռը` մարդուն:

Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է:

Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:

Ում հետ, ցանկանում եմ, հանդիպում եմ, ես այդպիսի խնդիր չունեմ:

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

Չեմ կարծում, որ  ես երբեւիցե մեծ սխալներ եմ գործել, բացթողումներ, թերություններ ունեցել եմ, բայց սխալներ` ոչ:

Ձեր վատագույն սովորությունը:

Ամենավատ սովորությունը, որ ինձ դրա համար երբեմն հանդիմանում են, կշտամբում են, չափից դուրս պահանջկոտությունն ու բծախնդրությունն է:

Չսիրելի զբաղմունքներ:

Պարտադրված սրա-նրա հարսանիքին, քեֆերին, ուրախություններին ներկա լինելը, այ չեմ սիրում:

Իսկ սիրելի զբաղմունքներ:

Սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ նաեւ աշխատել հողի հետ:

Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:

Չէ, երբեմն գուշակներն են ինձ այցելում:

Եւ ի՞նչ ապագա են կանխատեսել ձեզ համար:

Չգիտեմ, լուրջ չեմ վերաբերում գուշակներին:

Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել:

Գոյություն ունեցող բոլոր վտանգներն էլ կյանքում ապրել եմ, պետք չէ մանրամասնել:

Մանկական եւ ոչ մանկական չարաճճիություններ:

Դե արի, հիշի, ես մեծ մարդ եմ, մանկական ի՞նչ չարաճճիություններ եմ արել: Միշտ իմ հասակակիցների համեմատ ավելի լուրջ եմ եղել:

Լուսանկարներ:

Այդպիսի հարցերի վրա երբեք չեմ կենտրոնացել: Երբ ինձ լուսանկարում են, ասում եմ` պրոֆիլ հանկարծ չնկարեք, որովհետեւ քիթս մեծ է:

Հիշողություններ:

Աշխատում եմ վատ հիշողություններից ձերբազատվել:

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:

Այդպես չեմ հիշում, թե ովքեր են, համենայն դեպս եղել են մի քանի գեղեցիկ աղջիկներ եւ կանայք:

Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում:

Երբեք հույսս չեմ կտրել:

Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել:

Ես երբեք որեւէ մեկին եւ որեւէ բան չեմ դավաճանել:

Իսկ ձեզ դավաճանե՞լ են. Անուններ կասե՞ք:

Պետք է հարցնեք դավաճանողներին: Իհարկե, անուններ չեմ ասի:

Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը:

Սիրելի գործ+ լավ ընտանիք:

Ձեր ամենուրախ օրը:

Հուլիսի 12-ը` թոռնիկիս ծննդյան օրը:

Պապիկ եք դարձել, առաջին նվերը թոռնիկին:

Նոր ծնված թոռնիկը ի՞նչ է հասկանում, որ նվեր առնեմ, առայժմ հարսիս եմ նվեր արել, խրախուսել եմ, որ մի տղա թոռնիկ եւս ունենա:

Իսկ ամենատխուր օրը ո՞րն է:

Այդպիսի օրեր շատ եմ ունեցել, չեմ կարող առանձնացնել, առնվազն մի 4-5 այդպիսի օրեր կան:

Ի՞նչ կցանկանայիք նվեր ստանալ:

Իմ ամենասիրելի նվերը եղել է եւ կա զենքը: Ես բազմաթիվ նվերներ` զենքեր եմ ստացել:

Իսկ հաճա՞խ եք կիրառում:

Կենդանի թիրախների վրա  չեմ կիրառել, եթե որսորդությունը մի կողմ դնենք:

Ձեր խենթություններից:

Ես խենթ երբեւէ չեմ եղել:

Բայց աշխարհը փոխում են խենթերը չէ՞:

Դե հիմա գիտեք ինչ կա, թող փոխեն, ես էլ կօգնեմ:

Ու՞մ կցանկանայնիք նմանվել;

Ինքս ինձ, կցանկանայի չփոխվել: Չնայած հիմա դժվար փոխվեմ, մեծ մարդ եմ: Երբեւէ իդեալներ չեմ ունեցել, արտաքինից ասել են, որ իմ ավագ քեռուն եմ նման:

Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:

Իմ հայրն ու մայրը:

Կենդանիներ սիրո՞ւմ  եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում:

Շատ եմ սիրում: Ինձ թվում է մարդը բանական էակ է եւ պետք է տարբերվի կենդանիներից; Ճիշտն ասած` չեմ մտածել, թե ես ինչ կենդանու պետք է նման լինեմ:

Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար:

Հայրենիքից հետո ամեն ինչ է:

Ձեր կյանքի սերերը:

Շատ են եղել, հիմա էլ եմ սիրում, այնպես որ նորմալ է;

Ձեր ընտրյալը:

Իմ կինն է: Այնքան լավն է, որ ընտրել եմ:

Գագիկ Ջհանգիրյանը` խոհանոցում:

Շատ լավ խորոված եմ անում, շատ լավ խաշլամա եմ պատրաստում իմ ռեցեպտով, այդպես մի երկու բան, ավել բաներ չեմ անում:

Ի՞նչ հոգսեր ունեք:

Ամենամեծ հոգսս հիմա իմ թոռնիկն է, որ ուշադիր լինեն, որ շուտ մեծանա, առողջ լինի, իմ հոգսերը կենտրոնացված են թոռնիկիս շուրջ:

Որպես պապիկ` ի՞նչ պարտականություններ եք վերցնելու ձեր վրա:

Քանի որ ծնվել է Գագիկ  Վրեժի Ջհանգիրյանը, նրա հետ կապված բոլոր իրավունքներն եւ պարտականություններն իմն են: Ունեմ եւս 4 թոռնիկ, շաբաթ օրերը նվիրում եմ իմ թոռնիկներին, հյուրասիրում եմ, ման եմ տալիս, խաղալիքներ եմ գնում,ամեն ինչ անում եմ:

Իսկ թոռնիկները վատ դրության մեջ չե՞ն դնում ձեզ, օրինակ` չարություն անեն, պապիկին խայտառակեն:

Բա՞ եղավ, պապիկին խայտառակելը գիտե՞ք տենց հեշտ է, պապիկը тоже не подарок:

Ո՞ր մոլախաղում եք անպարտելի:

Որեւէ մոլախաղ չգիտեմ, նույնիսկ մինչեւ հիմա  կարտ խաղալ չգիտեմ, դուrակ էլ չեմ խաղում, շախմատից ու նարդիից բացի ուրիշ խաղ չգիտեմ: Անպարtելի չեմ, բոլոր տեղերում էլ պարտվում եմ;

Իսկ կյանքում պարտություններ ունեցե՞լ եք:

Ես իմ ուղուց չեմ շեղվել, իմ սկզբունքներին, համոզմունքներին,  իմ ընկերներին չեմ դավաճանել, մնացածը չգիտեմ: Դեռ կարծում եմ` ոչ մի խաղ ավարտված չէ, որ ես ասեմ պարտվել եմ, կյանքը դեռ առջեւում է:

Կանայք:

Կանանց շատ եմ սիրում:

Ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին,թե չլիներ կինն ու գինին:

Ես այդ հարցում մասնագետ չեմ, բայց չեմ կարծում, որ կանայք ու գինին փրկում են մարդուն, ամեն ինչն էլ, որ շատ է լինում, կործանում է, չափի մեջ եմ սիրում:

Ինքներդ ձեզ մի հարց տվեք եւ պատասխանեք:

Ինչպես եմ համբերում, որ Ինգան արդեն կես ժամից ավել  է` իմ կյանքը ուտում է: Պատասխանս է` ստիպված դիմանում եմ այդ տանջանքներին, քանի որ գեղեցիկ աղջիկ է:

Նշենք, որ  57-ամյա Գագիկ Ջհանգիրյանը անկուսակցական է, ՀԱԿ խմբակցության անդամ: Նա սովորել է  Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,իսկ ավարտելուց հետո աշխատել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում` որպես գիտաշխատող, իրավաբանական գիտությունների թեկնածու է. Աշխատել է Արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետեւ` արդարադատության նախարարի առաջին տեղակալ, որպես ՀՀ Զինվորական դատախազ; 2006-ի հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։ Ամուսնացած է , ունի 3 երեխա եւ 5 թոռնիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ Եսայանի, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե Էնֆիաջյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանի,  Հրանտ Բագրատյանի, «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր Քոքոբելյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ ՄինասյանիԱղվան Վարդանյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի