Հանգուցյալ բժիշկ Ջեկ Կեւորկյանի ստեղծագործությունների իրավունքների համար պայքարը կհանգուցալուծվի Մասաչուսեթսի դատարանում: ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավորը նման որոշում է կայացրել  օգոստոսի 9-ին: Այս մասին հայտնում է «Boston.com»-ը:

Հանգուցյալ բժշկի` Միչիգան նահանգում  բնակվող ժառանգները եւ Ամերիկայում` Ուոթերթաունում գտնվող Հայկական գրադարան-թանգարանը պատասխան հայց են ներկայացրել դատարան: Ժառանգները ցանկացել էին Կեւորկյանի աշխատանքները աճուրդի հանել հոկտեմբերին: Իրավապաշտպանը հայտնել է, որ 17 աշխատանքներից որոշների գինը աճուրդի ժամանակ կարող էր հասնել  մինչեւ 1 միլիոնի: Սակայն գրադարանը վստահեցնում է, որ ինքն է հանդիսանում աշխատանքերի միանձնյա տերը, քանի որ Կեւորկյանը իր աշխատանքները նվիրել է գրադարանին:

ԱՄՆ-ի շրջանային դատարանի գլխավոր դատավոր Մարկ Վուլֆը նշել է, որ վեճը կարող է հանգուցալուծվել միայն   Բոստոնի ֆեդերալ դատարանում` հաշվի առնելով  բժշկի այցն ու դեռեւս այնտեղ գտնվող աշխատանքները, ինչը դատարանին բավականաչափ իրավասություն է տալիս գործի վերաբերյալ:

«Բժիշկ մահ» մականվամբ հայտնի ամերիկացի բժիշկ Ջեկ Կեւորկյանը խրախուսում էր էվթանազիան:

Նա բժշկական գործունեության ընթացքում հանդես է եկել էվթանազիայի օգտին այն դեպքերում, երբ հիվանդին այլեւս հնարավոր չի եղել բժշկական օգնություն ցուցաբերել եւ որի տառապանքները չարժեին նրանում, որ  շարունակվեր հետագա կյանքը: 1989 թ-ին  նա մշակել եւ ստեղծել է «Ինքնասպան մեքենա» (Mercitron անգլերեն mercy`բարեգութ բառից), որը անալգետիկ եւ թունավոր դեղեր  է ներարկում այն հիվանդների արյան մեջ, ովքեր այլեւս ի վիճակի չեն  այլ տարբերակներով  ինքնասպան լինել: 1990 թ-ին հունիսի 4-ին, Մերսիտրոնի օգնությամբ ինքնասպան է եղել Ալցգեյմերի հիվանդությամբ տառապող առաջին հիվանդը: 1990-1998 թթ-ին ընդհանուր առմամբ Մերսիտրոնի օգնությամբ ինքնասպան է եղել ավելի քան 130 մարդ: