«Facebook» սոցիալական  ցանցում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»  նախաձեռնությունից հետո  հայ հասարակության մեջ բանավեճ ծավալվեց հարցերի լայն սպեկտրի շուրջ` գիտության ոլորտում պետական քաղաքականությունից մինչեւ գիտնականների գործունեության գնահատման մեխանիզմներ:

Առաջարկելով գիտական աշխարհում ընդունված` գիտնակաների գնահատման որոշակի ստանդարտ չափորոշիչներ, մասնավորապես,  միջազգային գիտական հանդեսներում հրապարկումների քանակով պայմանավորված, բնական գիտությունների ներկայացուցիչները հումանիտար ոլորտի իրենց գործընկերներին  մեղադրում էին պակաս ակտիվության մեջ. քիչ են տպագրվում հեղինակավոր հանդեսներում,  միջազգային ասպարեզում հայագիտությունը լայնորեն չեն ներկայացնում:

Ի պատասխան` հումանիտար ոլորտի որոշ ներկայացուցիչներ վերջիններիս  մեղադրեցին ուրիշ ոլորտի գործերին խառնվելու մեջ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության  ինստիտուտի գիտաշխատող Արմեն Պետրոսյանը համաձայնեց, որ Հայաստանում հայագիտության զարգացման մակարդակը բավարար չէ. «Կան լավ գիտնականներ, սակայն բուն գիտությունը ետ է մնում: Գիտության զարգացման համար քաղաքականություն է հարկավոր, եւ ոչ միայն ֆինանսական»,-նշեց նա:

Այո, խոստովանում է Արմեն Պետրոսյանը, Հայաստանի բնական գիտությունների ոլորտի ներկայացուցիչներն ավելի շատ են տպագրվում արատասահմանյան հեղինակավոր գիտական  հանդեսներում: Նման իրավիճակը մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ունի: Խորհրդային շրջանում երկրում ինտենսիվորեն զարգանում էին բնական գիտությունները, եւ լուրջ դպրոցներ էին հիմնվել. այդպիսին էր խորհրդային քաղաքականությունը գիտության ոլորտում, հումանիտար գիտությունները քաղաքականացված էին, թեեւ այն ժամանակ հայագիտության վիճակն ավելի լավ էր, քան հիմա:

Անկախ Հայաստանի համար հայագիտությունը, իհարկե,  ազգային առաջնահերթությունների շարքում է, սակայն  հռչակված նպատակների իրականացման համար, ըստ նրա,  հետեւողական աշխատանք, դպրոց, ուժեղ բազային կրթություն, ռեսուրսներ են հարկավոր, որոնք երկիրը պարզապես չունի:

Հումանիտար գիտության  բազմաթիվ ուղղությունների  եւ հայագիտության ասպարեզի գիտնականները, Ա. Պետրոսյանի խոսքով,  մի քանի լեզուների պետք է տիրապետեն: Այնպես է ստացվել, որ գիտությունը «արվում է» մի քանի եվրոպական լեզուներով, եւ «ցականանք մենք դա, թե ոչ, գիտական համատեքստում լինելու համար պետք է հանդես գանք այդ լեզուներով»:

Գիտնականի խեոսքով` պետք է բարձրացնել Հայաստանում բազային կրթության մակարդակը: Գիտությունն անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու համար  երիտասարդությանը պետք է ուղարկել ուսանելու այն երկրներ, որտեղ ավանդանբար ուժեղ են այդ առարկաները, ասենք, Գերմանիա կամ Ֆրանսիա: «Թուրքիան Գերմանիա է ուղարկում հազարավոր ուսանողներ` հնագիտություն, հանգույն պատմություն ուսանելու: Հիմա արդեն գրեթե յուրաքանչյուր թուրք հնագետ կարդում է  խեթական կամ ուրարտական սեպագրերը, իսկ մեզանում անգամ  ուրարտերեն իմացողների թիվն է գնալով ավելի ու ավելի նվազում: Վարստանն ու Ադրբեջանը եւս այդ ճանապարհով են գնում: Եթե Վրաստանում 200 հնագետ կա, նշանակում է դրանցից 20-ը լավ է, եթե Հայաստանում դրանք 20-ն, ապա լավ  են միայն երկուսը»,-ասում է նա: Առայժմ, ըստ Ա. Պետրոսյանի, մեր գիտնականները որակով են վերցնում, եւ դեռեւս կարողանում են մրցակցել հարեւան երկրների մասնագետների հետ, սակայն դինամիկան մեր օգտին չէ, հայտնի է, որ քանակը որակ է բերում:

Խոսելով գիտության ֆինանսավորման  եւ գիտնակաների աշխատավարձերի մասին, նա նշեց, որ աշխատավարձը պետք է բարձրացվի ոչ թե 10-20%-ով, այլ  անգամներով:

Ինքը` Արմեն Պետրոսյանը, արեւելագետներ Արամ Քոսյանի եւ Երվանդ Գրեկյանի հետ  հրատարակում է «Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies»  հանդեսը եվրոպական լեզուներով, որը, անգամ արեւմտյան գիտնականների գնահատականներով, ներկայումս  տարածաշրջանի, հատկապես Հայկական լեռնաշխարհի,  մշակույթի եւ հնագույն պատմության վերաբերյալ լավագույն հրատարակություններից մեկն է: