Շվեյցարացի եւ գերմանացի գիտնականները փորձեր են կատարել հասկանալու, թե ինչպիսի՞ ազդեցություն ունի կենցաղում մարդու օգտագործած սպասքը կերակուրի եւ ալկոհոլի նկատմամբ «ախորժակի» վրա։ Պարզվել է, որ կարմիր սպասքը նվազեցնում է ուտելու եւ խմելու ցանկությունը։

Ըստ գիտնականների՝ մարդկանց նման վարքը պայմանավորվում է կարմիր գույնով, քանի որ կարմիրը ենթագիտակցության համար վտանգի նշան է։ «Նման վարքը, ըստ երեւույթին, պայմանավորված է կարմիր գույնով, որը ողջ էվոլյուցիայի ընթացքում վտանգի հետ է զուգորդվել»,- «Մոսկովսկի կոմսոմոլեցի» տեղեկացմամբ ասել է Բրիտանական դիետոլոգիական ասոցիացիայի անդամ Ուրսուլա Արենսը։

Փորձին մասնակցել է 41 տղամարդ, որոնց խնդրել են ալկոհոլ ընդունել կարմիր եւ կապույտ բաժակներից։ Կարմիր բաժակներով օգտագործված ալկոհոլն ավելի քիչ է եղել։

Նույն կերպ, 109 կամավորների առաջարկել են սնունդ ընդունել կարմիր, սպիտակ եւ կապույտ ափսեներից։ Կրկին ամենաքիչն օգտագործվել է կարմիր սպասքով մատուցված սնունդը։