Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Vesti.Az կայքը:

Կայքի տվյալներով, Սաֆարովի էքստրադիցիայի հարցերով զբաղվում էր ադրբեջանցի գործարար եւ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռագիմովը: Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն ներում է շնորհել մարդասպանին:

Սաֆարովի էքստրադիցիայի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցի հրոսակը հայ սպային սպանել էր կացնով:

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: