Facebook սոցիալական կայքի շնորհիվ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է հանցախմբերի 50 գանգստերների: Ոստիկանները ցանցում հետեւել են նրանց վիճաբանությանը:

Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Ռեյ Քելիի`Very Crispy Gangster (VCG) եւ Rockstarz հանցախմբերի գանգստերներն իրար հետ ընկերանում էին, որպեսզի հետո վիրավորական  ուղերձներ եւ սպառնալիքներ ուղղեն միմյանց: Նրանց վերջնականապես մատնել է «ձեռքբերումներով» պարծենալու ցանկությունը, նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես գրում է The New York Post-ը, գանգստերների կողմից սոցկայքում տեղադրված գրառումներից մեկը սպանության խոստովանություն է եղել: Rockstarz-ի անդամները իրենց են վերագրել Ջոնի Սանտյագոյի սպանությունը: Հայտնի է, որ  վերջինս մահացու ծեծի էր ենթարկվել 2011 թվականի հունիսի 6-ին, ըստ ոստիկանության տվյալների, նա Very Crispy Gangster (VCG)-ի անդամ էր:

Հանցագործներից մեկը սոցկայքում լուսանկար է տեղադրել, որում  նա կրում է Սանտյագոյի գոտին եւ ժամացույցը:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, երիտասարդական փողոցային հանցախմբերի ձերբակալված 16-23 տարեկան անդամներին մեղադրանքներ են ներկայացվել սպանության, մահափորձի, զենքի ապօրինի ձեռքբերման եւ հանցավոր խմբում  անդամակցության մեջ: 22 մեղադրյալներ Rockstarz-ի կազմում են, իսկ 27-ը` VCG-ի: