Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,3%-ով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը; Վերջին երկու տարում սա տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է; Նշենք, որ օգոստոսին հուլիսի համեմատ աճը կազմել է 21%, իսկ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ՝ 8%:

Տնտեսական ակտիվության աճին ամենաշատը, թերեւս, նպաստել է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի), որտեղ 8 ամսվա կտրվածքով աճը 11,5 % է: Նախորդ ամիսների համեմատ ծառայությունների ոլորտում աճի տեմպը գրեթե կրկնապատկվել է, սակայն վիճակագրությունը հրապարակել է միայն նախնական ամփոփ տվյալներ, ինչը թույլ չի տալիս գնահատել, թե ծառայությունների հատկապես որ ենթաճյուղերն են ապահովել աճը: 

Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը պահպանել են աճի երկնիշ տեմպը; Հունվար-օգոստոսին արդյունաբերական աճը 13,2% է, իսկ գյուղատնտեսությանը՝ 10,8%: Շինարարությունում պահպանվում է անկումը՝ 4,1%-ի չափով, թեեւ օգոստոսին հուլիսի համեմատ առկա է շինարարության ծավալների 12,3% աճ:

Առեւտրի շրջանառությունը 8 ամսվա կտրվածքով կազմել է 1,23 տրլն դրամ, աճը 2,8% է: Արձանագրվել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 7,1% աճ (5,37 մլրդ կՎտ/ժամ):

Միջին աշխատավարձի աճը նույնպես ռեկորդային է ողջ տարվա համար: Միայն օգոստոսին միջին աշխատավարձը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 6,6 %-ով, իսկ 8ամսյա կտրվածքով աճը 5,5 % է: Միջին աշխատավարձը օգոստոսին 118,1 հազ. դրամ է: