«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ԼՂՀ առողջապահության նախարարության, գիտության եւ կրթության նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 27-ին եւ 28-ին իրականացրեց մեծամասշտաբ դոնորագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի երեք համալսարաններում: Համագործակցության արդյունքում 750 կամավորներ համալրեցին Ռեեստրի շարքերը:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, Հիմնադրամի աշխատակիցները, կամավորները եւ տնօրինությունը սեպտեմբերի 27-ին դոնորագրում իրականացրին Արցախի Պետական Համալսարանում:

Իր բացման խոսքում Հիմնադրամի բժշկական տնօրեն Դ-ր Միհրան Նազարեթյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ԼՂՀ առողջապահության նախարարին, Համալսարանի տնօրինությանը եւ դասախոսական կազմին, որին հաջորդեց Հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրումը եւ դոնորագրումը:

Դոնորագրվեցին ավելի քան 450 կամավորներ, որոնց թվում էին ԼՂՀ առողջապահության նախարար տիկին Զոյա Լազարյանը, գիտության եւ կրթության նախարար պարոն Սլավիկ Ասրյանը, Արցախի Պետական Համալսարանի ռեկտոր պարոն Ստեփան Դադայանը եւ այլոք:       

Սեպտեմբերի 28-ին դոնորագրումները շարունակվեցին Ստեփանակերտի Թամար Քամալյանի անվան Պետական Բժշկական Քոլեջում եւ ՀՀ Պետական Ագրարային Համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, որտեղ դոնորագրվեցին 300 կամավորներ:

Նույն օրը Հիմնադրամի նախագահ Դ-ր. Ֆրիդա Ջորդանը եւ Հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը ԼՂՀ առողջապահության նախարար տիկին Զոյա Լազարյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին ԼՂՀ Նախագահ Պարոն Բակո Սահակյանին, ով իր խոսքում ողջունեց Հիմնադրամի մարդասիրական եւ ազգանվեր գործունեությունը ի նպաստ աշխարհասփյուռ հայերի եւ իր շարունակական աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում Հիմնադրամի նախաձեռնություններին: