Ամեն երեկո աշխատանքային օրվա ավարտին Ստամբուլի Սբ Հովհաննես հայկական եկեղեցու բակում հավաքվում են հայ կանայք եւ այնտեղ ծվարած կիսանկուղային դպրոցից տանում երեխաներին: Նրանց համար ուրիշ դպրոց չկա. Թուրքիայում ապօրինի միգրանտների երեխաները անձը հաստատող փաստաթուղթ չունեն: Մոտ հազար երեխա իրավաբանորեն գոյություն չունի:

Իտալական «Osservatore Balcani e Caucaso» պարբերականը իր «Հայ միգրանտները Թուրքիայում. կանացի պատմություն» հոդվածում ներկայացնում է ոչ պաշտոնական գնահատականներ. 10- 20 հազ. ապօրինի հայեր, հիմնականում` կանայք:  Տեղավորվելու ամենամեծ հնարավորությունները Ստամբուլում են` ֆաբրիկայի աշխատակցուհիներ, կարողներ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «մաքոքներ»...Սակայն ավելի շատ աշխատում են որպես տնային աշխատողներ, դայակներ եւ խնամողներ:

Տղամարդկանց համար աշխատանքն ավելի քիչ է. շատերը հետեւում են, որ իրենց ընտանիքին որեւէ բան չպատահի, ոմանք զբաղվում են ոսկերչությամբ կամ կոշկագործությամբ:

Հարցին, թե ինչո՞ւ են այստեղ, ուղիղ պատասխան է  տրվում. «Որպեսզի աշխատենք: Եթե Հայաստանում աշխատանք լիներ, ինչո՞ւ պետք է այստեղ լինեի»,-հարցին հարցով է պատասխանում Ա-ն:

Հայաստանում այս ուսուցչուհու համար գրեթե անհնար էր իր աշխատավարձով երեք երեխաներին պահել: Հիմա նա դասավանդում է  նույն Սբ  Հովհաննես եկեղեցում: «Ստամբուլում արդեն 6 տարի է, ինչ բնակվում ենք: Սկզբում մի քանի ամիս տնային աշխատող էի, սակայն շարունակել չկարողացա. չափազանց ծանր էր վերաբերմունքը»:

Հայերի մեծ մասը բնակվում է հայկական Կումկափու թաղամասում, ստամբուլահայերի պատմական թաղամասերից մեկում,  որտեղ նրանք մոտ 60 հազ. են:

Ինչո՞ւ, այնուամենայիվ, Թուրքիան: Շատերն այն ընտրում են, քանի որ այստեղ հասնելն ավելի հեշտ է, քան Ռուսաստան կամ Ուկրաինա: Անհրաժեշտ է միայն զբոսաշրջային վիզա, որը հնարավոր է ձեռք բերել սահմանին 15 դոլարով:

Սակայն հարկ է Թուրքիա մուտք գործել երկրորդ անգամ, եւ խնդիրներն սկսվում են: Եթե նախկինում հնարավոր էր թարմացնել վիզան` երկրից մեկ օրով դուրս գալով եւ վերադառնալով, ապա նոր օրենքով  «զբոսաշրջիկը», որի եռամսյա վիզայի ժամկետը սպառվում է, պետք է երկրը լքի նվազագույնը երեք ամսվա ընթացքում, մինչեւ կկարողանա վերադառնալ: Տրանսպորտային ծախսերը խնդիր չեն` 550 – 800 դոլար, սակայն անհանգստացնում է վտարման ստվերը:

Այդուհանդերձ, այդ իրավիճակում ամենաշատը տուժում են երեխաները: Ապօրինի միգրանտների` Թուրքիայում  ծնված երեխաները  քաղաքացիության իրավունք չունեն: Խնդիրն ավելի է դժվարացնում Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը. անձնագիր հնարավոր է ստանալ Թուրքիայից Հայաստան մեկնելու դեպքում, բայց առանց անձը հաստատող փաստաթղթի դա անհնար է անել...

Սակայն դրանով տհաճությունները չեն ավարտվում: Համաձայն անցած տարի ուժի մեջ մտած օրենքի` հայերի երեխաները` հայկական ծննդյան վկայականներով կամ առանց փաստաթղթերի կարող են հաճախել թուրքական դպրոցներ, այդ թվում` հայ համայնքի համար նախատեսված  17 դպրոցներ,  բայց ավարտական որեւէ վկայական չեն կարող ստանալ:

Միաժամանակ թուրքական իշխանությունները  համաձայնել են աչք փակել Սուրբ Հովհաննեսի դպրոցի վրա, որը նման երեխաների համար իսկական փրկություն է դառնում: Այնտեղ դասավանդում են արեւելահայերենով եւ հայկական դպրոցների ծրագրով, աշխատում է յոթ ուսուցչուհի-կամավոր: Դասգրքերեն ուղարկում է Հայաստանի սփյուռքի նախարարությունը, իսկ դպրոցական նախաճաշերի հարցում օգնում է  « Caritas»-ը: Եթե սկզբում դպրոցը մի քանի աշակերտ ուներ, ապա հիմա` հարյուրավոր: Բացվել է վեց դասարան, տեղ այլեւս չկա:

Ի՞նչ անել այդ երեխաների հետ, երբ նրանց համար տեղ չի մնա: Մեկ հարցում նրանց մայրերը վստահ են` նրանք երեխաների հետ վերադառնելու են Հայաստան, թեկուզ ծերության ժամանակ: