ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստան համահայկական hիմնադրամը հետ համատեղ, Հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ, առաջին անգամ Հայաստանում թողարկել են բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունից, նախագծի նպատակը Հայաստանի մանկատների երեխաներին օժանդակող ծրագրերի ֆինանսավորման համար միջոցների հավաքագրումն է:

Բարեգործական քարտը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ջանքերի եւ շոշափելի ֆինանսական ծախսերի իրականացնել կանոնավոր նվիրատվություններ` կատարելով ներդրում մանկատների երեխաների օժանդակության կարեւոր գործում:

Բարեգործական ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաեւ այդ քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները կվճարվեն Բանկի սեփական միջոցներից: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով:

Հավաքագրված միջոցների ծախսման ուղղությունները կսահմանվեն տարեկան մեկ անգամ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների շրջանում անցկացվող հարցման արդյունքների հիման վրա:  Նվիրաբերված միջոցները կուղղվեն այն ծրագրերին, որոնք կստանան քարտապանների ձայների մեծամասնությունը: Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կարող է օգտագործվել որպես աշխատավարձային քարտ, որը Բանկի կողմից իրականացվող աշխատավարձային ծրագրերի շրջանակներում կսպասարկվի անվճար` այս նախաձեռնության շուրջ հնարավորինս շատ անհատների համախմբելու նպատակով:

«ԲԱՐԵՐԱՐ» նախաձեռնությունը Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասն է կազմում եւ թույլ է տալիս ընդլայնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի եւ Հիմնադրամի միջեւ ձեւավորված համագործակցությունը: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի դառնալու նվիրատու եւ բարեգործություն անելու` ընդամենը առօրյա վճարումները Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարելու միջոցով: Վստահ եմ, որ մեր շատ հայրենակիցներ, ինչպես նաեւ Բանկի եւ Հիմնադրամի աշխատակիցները կմիանան այս բարեգործական ծրագրին: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի անունից շնորհակալություն եմ հայտնում Visa ընկերության մեր գործընկերներին` այս նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ ընդունելու եւ իրականացման ընթացքին աջակցելու համար»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը հիանալի հնարավորություն է տալիս անգամ փոքր նվիրատվություններով դառնալ Հիմնադրամի նվիրատու եւ աջակցել մանկատներում բնակվող երեխաների համար մեր կողմից իրականացվող ծրագրերին: Առաջին անգամ Հիմնադրամի եւ Հայաստանի պատմության մեջ մենք հնարավորություն ունենք կիրառել բարեգործություն կատարելու այսպիսի հարմար եւ ժամանակակից միջոց: Մեզ համար կարեւոր է նաեւ այն, որ նախաձեռնությանը միանալու հնարավորություն են ստանում ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր դեկտեմբերի 1-ից սկսած կարող են քարտը պատվիրել Բանկի կայքի միջոցով եւ այն ստանալ Հայաստան ժամանելուն պես: Սա նաեւ ուղերձ է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպություններին ու անհատներին` միավորելու իրենց ջանքերը մանկատների երեխաների կյանքը փոխելու նպատակով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ եւ կգործեն մեզ հետ ձեռք ձեռքի», - ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Visa ընկերության Կովկասյան տարածաշրջանի ռեգիոնալ մենեջեր Իրինա Կամխաձեն ասել է, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում առաջին անգամ թողարկել բարեգործական ծրագրով Visa քարտ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի եւ «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում: «Visa քարտերը նվիրատվություն կատարելու նոր եղանակ են, որոնք բնակչության առավել լայն զանգվածներին առաջարկում են բարեգործություն կատարելու առավել արագ եւ հարմար մեխանիզմներ: Քարտի անվանումը խորհրդանշական է, եւ մենք հավատում ենք, որ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կնպաստի բարեգործության մշակույթի ամրապնդմանը Հայաստանում եւ կօգնի հանրության միասնական ջանքերն ուղղել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,-ասել է նա:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ պատվիրելու համար կարող եք զանգահարել + 374 10 31 88 99 հեռախոսահամարով: