Հայաստանի կուսակցությունների մեծ մասում որոշումներն ընդունվում են միանձնյա, ինչը վկայում է, որ երկրում քաղաքական դաշտը դեռ չի կայացել: Այսօր` դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը` մեկնաբանելով նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չպաշտպանելու ԲՀԿ-ի որոշումը:

«Գործընթացները, որոնց մենք ականատես ենք, մեզ թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ քաղաքական դաշտը դեռ չի կայացել: Կուսակցությունների մեծ մասում որոշումները կայացվում են միանձնյա, առանց որեւէ քննարկման: Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի որոշումների»,-նշեց Համբարձումյանը, հավելելով, որ նախընտրական միությունները ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չեն:

Համբարձումյանի խոսքով, ներկայումս կուսակցությունը կենտրոնացած է միասնական քաղաքական օրակարգի ձեւավորման վրա: Հաջորդ փուլում կքննարկվի միասնական թեկնածուով հանդես գալու նպատակահարմարությունը: «Երկրորդ փուլը կարող է տեւել մինչեւ ընտրությունների օրը»,-ասաց Համբարձումյանն, ընդգծելով, որ միավորումը միայն այն դեպքում իմաստ կունենա, եթե դա թույլ կտա հանդես գալ մրցունակ թեկնածուով: «Եթե խոսքը 1-2 կուսակցության մասին լինի, միությունը կարող է եւ չկայանալ: Պետք է նվազագույն կրիտիկական ներուժ»:

Ընդ որում, ՀՅԴ օրակարգն անփոփոխ կմնա` անկախ 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների իր մասնակցության ձեւաչափից: «Եթե դուք մեր ներկա օրակարգը համեմատեք 2003 եւ 2008 թվականի ընտրություններից առաջ ունեցած օրակարգի հետ, ապա կտեսնեք, որ այն անփոփոխ է մնացել: Մենք այն ձեւավորում ենք ինքնուրույն, բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում»,-ամփոփեց Համբարձումյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am