Հայաստանում ասորիներով խիտ բնակեցված 4 գյուղ կա։ Դրանք տեղակայված են Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում։ Բացի այդ, ասորիներ բնակվում են նաեւ Երեւանում եւ երկրի այլ քաղաքներում, ինչպես նաեւ մի քանի ընտանիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Ատուր» ասորական միության ղեկավար Արթուր Միխայլովը՝ նշելով, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում բնակվում է մոտ 6 հազար ասորի։

Հայրենի լեզուն պահպանելու հարցին անդրադառնալով՝ Միխայլովը նշեց, որ դժվար է ասել, որ այս բնագավառում խնդիրներ չկան. «Սակայն բոլոր այն բնակավայրերում, որտեղ ասորիները խիտ են բնակեցված, ինչպես նաեւ Երեւանի մի քանի դպրոցներում 1-ից 12 դասարաններում անցնում են ասորական լեզու, իսկ 4-5-րդ դասարաններից՝ պատմությունը եւ մշակույթը։ Բայց համայնքը խնդիրներ ունի պատմության եւ մշակույթի դասագրքերի հետ։ Հայաստանի կառավարությունը եւ միջազգային կազմակերպությունները օգնում են դասագրքի հարցում։ Կառավարությունը վճարում է ասորերեն լեզուն եւ պատմություն եւ մշակույթ դասավանդողներին, իսկ ահա մասնագետներ պատրաստելու հարցով զբաղվում է հենց համայքը»։

Միխայլովը նաեւ ավելացրեց, որ համայնքի առաջ խնդիր է դրված՝ պահպանել ասորական մշակույթը եւ զարգացնել այն. «Անցյալ տարի մենք նախագահի աշխատակազմի կողմից միջոցներ ենք ստացել, որի հաշվին ֆինանսավորվել է գյուղերից մեկի երգի եւ պարի համույթը։ Այդ գումարից մենք կտրամադրենք եւս մեկ համույթի, սակայն եւս երկուսը մնացել են առանց ֆինանսավորման»։

Միխայլովի խոսքերով՝ ուրիշ խնդիրներ Հայաստանում նրանք չունեն։ Ինչ վերաբերվում է համայնքի անդամների մասնակցությանը երկրի հասրակական-քաղաքական կյանքին, ապա, միության ղեկավարի խոսքերով՝ համայնքը անհրաժեշտ կերպով ընդգրկված չէ. «Մենք եւս ցանկանում ենք մեր ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում։ Բայց համայնքը դա փոխհատուցում է հասարակական կազմակերպությունների ակտիվությամբ»։

Միխայլովը նաեւ հիշեցրեց, որ 2012 թվականի ապրիլի 24-ին Երեւանի կենտրոնում հուշարձան է կանգնեցվել՝ Թուրքիայում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին. «Մենք դրա համար երախտապարտ ենք Հայաստանի ղեկավարությանը»։