Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները հինգշաբթի քննարկման ժամանակ նշել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում սարսափելի խախտումները եւ բրիտանական կառավարությունը կոչ են արել միջոցներ ձեռնարկել պաշտոնական Բաքվի կողմից լրագրողների  եւ քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումների հետ կապված, տեղեկացնում է «Asbarez»-ը:

Լեյբորիստական կուսակցությունից Հելեն Գուդմանը, ով Ադրբեջանում մասնակցել է համացանցին նվիրված ֆորումին, մասնավորապես նշել է. «Կարող է տարօրինակ թվալ ՄԱԿ-ի կողմից ինտերնետի կառավարման հարցերով ֆորումն Ադրբեջանում անցկացնելը: Ինտերնետը հաղորդակցության ամենաազատ միջոցներից է, այն կարեւոր դեր ունեցավ արաբական գարնան ժամանակ, սակայն դա չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում... Վերջին 20 տարվա ընթացքում երկիրն առաջնահերթ ուշադրություն է դարձնում տնտեսական արագ զարգացմանը` հիմնված նավթի եւ գազի պաշարների վրա»:

Նա նշել է, որ այս տարի Ադրբեջանը երկու խոշոր միջազգային միջոցառում է ընդունել` «Եվրատեսիլը» եւ վերոնշյալ ֆորումը: «Այդ երկու իրադարձությունները պետք է Ադրբեջանի համար քայլ առաջ անելու եւ բացվելու հնարավորություն դառնային: Ցավոք, տեղի ունեցավ հակառակը. իշխանություններն սկսեցին ավելի ագրեսիվ կերպով ճնշել լրագրողներին եւ ռեժիմի ընդդիմախոսներին»,-նշել է պատգամավորը:
Պահպանողականներից պատգամավոր Քրիստոֆեր Պինչերը հարցադրում է արել, թե արդյոք Հայաստանի կողմից 1992թ. հարյուր հազարավոր ադրբեջանցիներին հողից եւ գույքից զրկելն անհանգստության պատճառ չէ:

Հելեն Գուդմանն ի պատասխան ասել է. «Չեմ կարծում, որ միջազգային հակամարտությունն արդարացենում է կառավարության ճնշումը սեփական ժողովրդի նկատամամբ, լինի դա հակամարտության գոտում, թե այլուր: Իրավիճակը պարզապես չի արդարացնում ողջ երկրում եւ, մասնավորապես, մայրաքաղաքում  ադրբեջանական ժողովրդի իրավունքների խախատումները»:

Պահպանողական Բոբ Սթյուարտն էլ հույս է հայտնել, որ մարդիկ, ովքեր փախչել են Ադրբեջանից, հնարավորություն կունենան վերադառնալ նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը, շարունակելով այդ միտքը, հայտարարել է. «Ճիշտ է եւ միշտ ողջունվում է, երբ քաղաքացիները, ովքեր ստիպված են եղել փախչել, զգում են, որ կարող են վերադառնալ: Սակայն  Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական ժառանգությունից մեկն էլ այն է,  որ հակամարտության հայկական եւ ադրբեջանական կողմերում մարդիկ մնում են տեղահանված տասնամյակներ հետո: Ահա թե ինչու է Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում Մինսկի խմբի` հակամարտության լուծման ջանքերին: Դա երկու երկրների եւ, ընդհանրապես, կովկասյան տարածաշրջանի շահերց է բխում, որպեսզի մենք կարողանանք հասնել հակամարտության կարգավորման եւ քաղաքական կայունության հաստատման:

Դա թույլ կտա ավելի շատ ներդրումներ ներգրավել եւ աջակցել տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաեւ տեղահանվածներին վերադառնալ իրենց տները»: