2012 թվականը արտաքին քաղաքականության տեսանկյունից հաջող էր Հայաստանի համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի գնահատականով՝ էլ ավելի են ամրապնդվել Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները.  «Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հեշտացման պայմանագիր է ստորագրվել, ինչն ակնհայտ հաջողություն է, քանի որ հազարավոր մարդկանց շահերից է բխում: Սա, անշուշտ, դրական կանդրադառնա Հայաստանի եւ միջազգային հանրության շփումներին»:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին՝ քաղաքագետը նշել է, որ այդ հարցում տեղաշարժեր չեն եղել: Սակայն հայկական կողմին դրանում մեղադրելն ազնիվ չէ, քանզի ոչ կառուցողական մոտեցումն Ադրբեջանն է դրսեւորել», - ընդգծել է փորձագետը՝ հավելելով, որ միանշանակ հաջողություն էր միջազգային հանրության  կողմից Ռամիլ Սաֆարովի ազատումը դատապարտելը: