«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու եւ բացառում է իշխանության թեկնածուին սատարելու հնարավորությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ շարունակելու են հետամուտ լինել իրենց յոթ կետանոց առաջարկների հարցում:

Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ քննարկումների միջոցով փորձ արվեց հանդես գալ միասնական թեկնածուով, հնարավորություն կար վերականգնել ժողովրդի խաթարված հավատը եւ իշխանափոխություն անել, սակայն որոշ անձանց կանխակալ վերաբերմունքը թույլ չտվեց ընդդիմության միավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ` դեկտեմբերի 25-ին ժողով է արել, որի ընթացքում քննարկվել է միայն նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը: ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովին մասնակցել է մոտ 80 կուսակցական: