2013-14 թվականներին Հայաստանում երեք խոշոր ջրամբարներ կկառուցվեն: Այս մասին հունվարի 31-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Սարգսյանի խոսքով` ոռոգման ջուրը հողագործության համար կարեւորագույն նշանակություն ունի եւ պետությունը պետք է ներդնի իր բոլոր ջանքերը` ֆերմերական տնտեսություններին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար:

«Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարեւոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի եւ Վեդիի ջրամբարները: 2013 – 14 թվականներին կսկսվեն դրանց կառուցողական աշխատանքները: Եւս մեկ ջրամբար` ավելի փոքր չափի, կկառուցվի Արմավիրի մարզում: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը` հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով, եւ պահպանել ապագա սերունդների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: