Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՀ-ի պատվիրակությանը՝ համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը:

Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը եւ Ա.Միրզախանյանը մանրամասներ են ներկայացրել ՀՀ կառավարության՝ ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության եւ կրթության ծրագրի փորձնական իրականացման արդյունքների վերաբերյալ, նշել, որ այն գնահատվել է արդյունավետ եւ կունենա շարունակություն: Քննարկումների արդյունքում մատնանշվել են հիշյալ ծրագրում ներգրավվելու դեպքում Հայաստանի ամերիկյան համալսարանի հնարավոր մասնակցության ձեւերը:

Մինչ զորացրվելը բուհեր ընդունվելու նպատակով հենց զորամասերում զինծառայողներին նախապատրաստական կրթական ծրագրերում ներառելու ՀՀ կառավարության նախաձեռնության հանդեպ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրություն էր հայտնել ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի՝ բուհի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ վերջերս կայացած հանդիպմանը: