2013 թվականի նախագահական ընտրություններում կիրառվեցին բոլոր տեսակի կեղծիքների տեխնոլոգիաները` ե’ւ ահաբեկում, ե’ւ գայթակղելու հնարք, ե’ւ լցոնումներ, ձայներ գողանալ, անվավեր համարել, եւ այլն, բայց այդ ամենի հետ մեկտեղ Րաֆֆի Հովհանիսյանը հաղթել է: Այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ Րաֆֆի Հովվհանիսյանն այսօր ժամը 17-ին, Ազատության հրապարակում հայտարարություն կանի, որի ընթացքում գնահատական կտա ընտրություններին:

Արմեն Մարտիրոսյանը որպես ընտրախախտումների օրինակ ասաց, որ Հալաբյան փողոցում տեղակայված ընտրատեղամասում քույրը եկել եւ ասել է, որ յոթը տարի արտերկրում բնակվող եղբայրը «քվեարկել է» այդ օրը, ինչի արձանգրությունը կա: Նրա խոսքով` մարզերից հատկապես Մարտունիից  ահազանգեր են ստացել, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները չեն համպատասխանում իրական տվյալների հետ, քանի որ մոտ տասը տեղամասում գրեթե 80/20 հարաբերակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքը շարունակական բնույթ կրի, Արմեն Մարտիրոսյանը մեջբերելով Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց. «Հնարավոր է», ապա հավելեց, որ այն երկար չի տեւի:

Հարցին` եթե իշխանություններից օրինակ կառավարությունը ղեկավարելու առաջարկ ստանան, կընդունեն այն, Մարտիրոսյանն արձագանքեց. «Այո, ես պատկերացնում եմ, որ կարելի է այսօրվա կոալիցիայի շատ անդամներ լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ձեւավորվող կառավարության մեջ, ոչ թե «Ժառանգությունն» այս իշխող իշխանության կոալիցիայի մաս կլինի: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններից հետո կձեւավորի նոր կոալիցիա եւ այդ նոր կոալիցիան Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ աշխատանքներ կիրականացնի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ի դեպ, ասուլիսին հրավիրված Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ  հեղափոխություն ամեն դեպքում լինելու է, իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ մեզ մոտ միրգը ծիրանն է, հետեւաբար ծիրանագույն հեղափոխություն խոստացավ:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ դաշնակցական շատ համակիրներ եւ կուսակցականների իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, որի համար շնորհակալություն հայտնեց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am