Իզուր չէ, որ մեր երկիրը թանգարան են անվանում բաց երկնքի տակ: Թեեւ մինչ օրս հանրապետության տարածքում բազմաթիվ պատմական հուշարձաններ կան, սակայն բառացիորեն ամեն տարի հնագիտական նոր բացահայտումներ են լինում: Օրինակ, վերջին տարիներին միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվել էր Արենիի քարանձավի սենսացիոն հայտնագործության վրա:

Արենիի քարանձավը, բաղկացած երեք «սրահից», գտնվում է Արենի գետի ձախ ափին, հենց այնտեղ են հնագետները գտել բացառիկ հնագիտական իրերը: Օրինակ, աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է:

Նույն քարանձավում գինեգործության մասին վկայող իրեր էին հայտնաբերվել դեռ 2007թ-ին, հետախուզական պեղումների ժամանակ: ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով` առաջին իսկ շրջանն այս վայրում մեծ հաջողություն բերեց. գտնվեց խաղողի ճմլարանը:

Այն ժամանակ ճմլարանի մասին պարզապես ենթադրություններ կային, եւ հետո դեռ պահանջվում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարեւոր բաղադրիչն է: Ապացույցները հետեւյալն էին.

Առաջինը կառուցվածքային առանձնահատկությունները, այսինքն` գինեգործությանը հատուկ թեք հարթությունը. երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հյութը հոսել է հատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի:

Երկրոդը` հնձանի հարեւանությմաբ հողի մեջ հսկայական կարասներ են թաղված եղել: Առաջին իսկ բացված կարասում խաղողի մնացորդներ եւ եղեգնի սնամեջ ցողուններ են գտնվել: Բորիս Գասպարյանը նշում է, որ դա տեսնելով` հիշել է Քսենոֆոնի «Անաբասիս»ը, որտեղ հույն պատմիչը խոսում էր հայկական գինեգործության մասին` նշելով, որ հայերը գինի էին խմում հողի մեջ թաղված կարասներից՝ օգտագործելով դրա համար եղեգնի սնամեջ ցողունները:

Համալիրի տարածքում խաղողի ողկույզներ եւ կորիզներ են հայտնաբերվել: Սակայն թե այն ժամանակ խաղողի ինչ տեսակից է պատրաստվել գինին, հնագետը դժվարացավ ասել: Դարերի ընթացքում անխուսափելի են պտուղի ԴՆԹ-ի մուտացիները, այդ իսկ պատճառով դժվար է որոշել, թե խաղողի ժամանակակից տեսակներից որն է հնագույն տեսակի «ժառանգը»: Խաղողի տեսակների ԴՆԹ փորձաքննությունը նույնպես էժան չէ...

Խեցեղենի կտորները, անհայտ նյութերի շերտով, ուղարկվել են փորձաքննության: Ընդհանուր առմամբ 12 «թեկնածու» նյութեր կան, որոնք կարող են նման հետք թողնել խեցեղենի վրա:

«Թեկնածուների» քանակի բացառման մեթոդով նրանց թիվը հասցվել է երկուսի. հետքերը կարող էին պատկանել կամ խաղողին կամ նռանը: Քանի որ նուռ այնտեղ չի աճել, ապա դա եղել է խաղող: Այսպիսով, ստացված ողջ տեղեկատվությունը բերել է մեկ միանշանակ եզրահանգման. Արենիի քարանձավում հայտնաբերվել է գենեգործական մի ողջ համալիր...

Ինչպես ընդգծում է Բորիս Գասպարյանը, հայտնագործությունը պարզապես գինու «հետք» չէ, այլ մի ողջ համալիր, ընդ որում` ներկայումս համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ. թ. ա. IV հազարամյակին:

Բնականաբար, բացառված չէ, որ հնարավոր է գտնել ավելի հին գինեգործական համալիր, քան Արենինն է: Օրինակ, ոչ միայն ժամանակակից Հայաստնի, այլ հարեւան երկրների տարածքներում, քանի որ ներկայիս քաղաքական սահմանները ոչ մի ընդհանուր բան չունեն հին աշխարհի, Հայկական լեռնաշխարհի հետ....

Հենց քարանձավում մարդիկ չեն բնակվել: Գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական, ոչ թե կենցաղային բնույթ: Գասպարյանի խոսքով` գինու պատրաստումն ու օգտագործումն այդ տարածաշրջանի համար ծիսական պաշտամունքի մի մաս է եղել` կապված գյուղատնտեսական ցիկլի, պտղաբերության հետ...

Մասնագետի խոսքով` քարանձավի որոշ գտածոներ վկայում են այն մասին, որ այդ վայրի բանկիչների մոտ ընդունված է եղել ծիսական կանիբալիզմը: Արենիի քարանձավի խորքում, սննդի պահպանության տարաների կողքին,  հայտանբերվել են կավե ամանների մեջ թաղված երեխաների եւ մեծերի աճյուններ, որնք վատ չեն պահպանվել: Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազ. տարի առաջ` ըստ ամենայնի, մահակի հարվածից:

Ժամանակակից մարդու տեսանկյունից, դա, անշուշտ, հրեշավոր է, սակայն հնագույն մարդկանց համար կանիբալիզմն ավելի շատ ծես է եղել:

Գասպարյանը նշում է, որ հետազոտության ընթացքում աշխատանքային վարկած էր առաջ քաշվել այն մասին, որ որպես զոհ մատուցված աղջիկների մարմնի մասերը կերել են կրոնական ծիսակատարության մասնակիցները: Դրանով նրանք հաղորդակցվել են այն աշխարհի հետ, որտեղ հեռացել են անմեղ զոհերը: Ժամանակակից մարդու համար, դա, իհարկե, մղձավանջային է, սակայն չմոռանանք, որ գործողությունները կատարվել են հազարամյակներ առաջ...

Այս վայրի բնակիչների տնտեսվարական գործունեությունը, ըստ Գասպարյանի, Միջագետքի եւ Եգիպտոսի տաճարների նախատիպն է: Ինչպես հայտնի է, այդ պետություններում տաճարները, զուտ կրոնականից բացի, զբաղվում էին նյութական բարիքների արտադրությամբ: Հենց այդ բարիքներն էլ ծառայել են իրենց կուռքերին:

Արենիի քարանձավի մոտակայքում տեղակայված հնագույն բնակավայրն ամենեւին էլ խուլ վայր չի եղել եւ ներգրավված է եղել այն ժամանակվա առեւտրային հարաբերություններում: Լեռներում եղել են հումքի` օբսիդիանի, պղնձի հանքավայրեր, որոնք հարթավայրերում գրեթե չեն հանդիպում: Իր հերթին, հարթավայրերում բնակվողները, լինելով առավել «ուրբանիզացված», նրանց մատակարել են արհեստագործական իրեր:

Ամփոփելով` Բորիս Գասպարյանը նշեց, որ քարանձավն ունի մոտ 500 քմ տարածք, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, եւ նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները: Մասնագետի խոսքով` քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա, այնպես որ նոր սենսացիոն բացահայտումենրը դեռ առջեւում են…

Ներքին`նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին: Հանդիպում են նաեւ հոմոէրեքտուսի (լատ` Homo erectus) հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում…

Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը