Մանկավարժական համալսարանը հյուրընկալել է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերենս Ջորջին: Վերջինս Հայաստանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած գիտաժողովի շրջանակում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հյուրի ներկայությունը բուհում մեծ պատիվ է համարել:

2012 թվականի Օսկար մրցանակի արժանացած  Թերենս Ջորջը խոսելով իր ծագման, Ռուանդայի ցեղասպանության մասին, անկեղծացել է` Հայաստան այցն իր համար խորքային  նշանակություն ունի, իսկ  երկու ժողովուրդների ուժը, մշակութային արժեքներն ու հաղթանակները  պայմանավորել է հենց Ցեղասպանություն ապրելու հանգամանքով:

Անդրադառնալով ժամանակակից կինոարվեստին, լրատվամիջոցների գործառույթներին` հոլիվուդյան սցենարիստը նշել է, որ դրանք այսօր լայն հնարավորություն են տալիս բացահայտելու  աշխարհում գոյություն ունեցող երեւույթներն ու հաճախ նաեւ պատմական իրողությունները: Թերենս Ջորջը կոչ է արել երիտասարդներին սեփական պատմությունը ներկայացնել` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիանները, մասնավորապես, համացանցն ու արվեստը:

Թե ինչո՞ւ մինչ այժմ Հոլիվուդում չի նկարահանվել  Հայոց ցեղասպանության մասին որեւէ ֆիլմ, սցենարիստը պատասխանել է. «Թեեւ Հոլիվուդում նկարահանվել են քաղաքական ուղերձ պարունակող բազմաթիվ ֆիլմեր, սակայն այստեղ քիչ են հետաքրքրված  արվեստով եւ քաղաքականությամբ: Հոլիվուդը գումար ստեղծելու համար է.  քաղաքական թեմաները,  ցեղասպանության մասին  պատմող ֆիլմերը կոմերցիոն չեն դիտարկվում»:

Նշենք, որ  Թերենս Ջորջը ծնվել եւ մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում:  1985 թվականին հանդես է  եկել  որպես դրամատուրգ` ներկայացնելով իր դեբյուտային  «Թունել» դրաման: Որպես սցենարիստ եւ ռեժիսորի ասիստենտ  հանդես է եկել  1993 թվականին Ջիմ Շերիդենի «Հանուն հոր» ֆիլմում:

Մի շարք ֆիլմերում («Բռնցքամարտիկը»,«Մի մոր որդի»), ռեժիսորն արծարծել է  Հյուսիսային Իռլանդիայի հոգսերն ու մտահոգությունները:

Թերենս Ջորջը` « Լավագույն ադապտացված սցենար»-ի համար Օսկարի է առաջադրվել է երկու անգամ, իսկ 2012 թվականի` փետրվարի 26-ին, «Ափը» կարճամետրաժ ֆիլմի  համար արժանացել Օսկարի:

2004 թվականին  «Ռուանդա Հյուրանոց» ֆիլմի համար, որպես ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր  եւ համահեղինակ, արժանացել  է Ակադեմիայի մրցանակի:

Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հյուրին պարգեւատրեց Մանկավարժական համալսարանի 90-ամյա  հոբելյանը խորհրդանշող մեդալով: Թերենս Ջորջը շրջեց համալսարանում, եղավ բուհի թանգարանում:

Նա համալսարան էր այցելել ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հետ: Վերջինս բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին ամփոփ ներկայացրեց «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագիրը կրող միջազգային գիտաժողովում իր ելույթի  առանցքային կողմերն ու սեփական դիտարկումներն այդ հարցի շուրջ: